news.am: Հայաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուդով է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը՝ անդրադառնալով նախօրեին հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժին և դրա հետևանքներին։
Նրա խոսքով հետցնցումները բնորոշ են նման երկրաշարժերին։
«Եթե շատ հին մի կառույցից մի քանի քար է թափվել, դեռ չի նշանակում, որ փլուզում է: Օրինակ՝ նույն Երեւանում շատ մարդիկ կան, որ ասել են՝ չեն զգացել, կան մարդիկ, որոնց նկարագրությունից երեւում է, որ շատ ուժեղ են զգացել: Եթե մարդը մի փոքր ավելի շատ է վախեցած, ավելի ճոխ է նկարագրում:
Ես ինքս 8-րդ հարկում եմ ապրում, երկրաշարժի ժամանակ հանգիստ ընտանիքով գնացինք, կանգնեցինք այնտեղ, որտեղ պետք է կանգնենք»,- ասաց Սոս Մարգարյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 22:25-ին, Վրաստան-Հայաստան՝ Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: