Ադրբեջանական կողմից հրազենով կրկին կրակել են հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ․ ԱՀ դատախազություն

Ադրբեջանի Զինված ուժերը հրազենով կրկին կրակել են հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։

Ըստ հաղորդագրության՝ այսօր` ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից Ադրբեջանի Զինված ուժերը հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, որի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ: 

«ԱՀ ոստիկանությունը կատարում է վերը նկարագրված հանցավոր դեպքի նյութական հետքերի արձանագրում և ամրագրում:

Արցախի Հանրապետության քաղաքացիներին ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների փոխարեն Ադրբեջանի Հանրապետության դատախազությանը խորհուրդ կտայինք նվազագույն միջոցները ձեռնարկել Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացմանն ուղղված դեպքերը կանխելու և նման հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Դա ոչ միայն «խաղաղության ձգտող» երկրների համար միակ քաղաքակիրթ մոտեցումն է, այլև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային միացած Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ու հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն