Փետրվարի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։
«Ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ կատարելու ժամանակ հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը:
Բաժնի պետ Արման Սարուխանյանի գլխավորությամբ դեպքի վայր են մեկնել շրջբաժնի ծառայողներն ու ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները: Նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Արցախի դատախազությունից երեկ հայտնել էին, որ ժամը 15:30-ի սահմաններում Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, որի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ: