Ըստ մոնիտորինգի ծրագրի ղեկավարի՝ ԱԺ արդյունավետությունը տուժել է անհանդուրժողականության մթնոլորտից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ներկա՝ 8-րդ գումարման խորհրդարանը շատ ցածր ցուցանիշներ է ցույց տալիս ընդունված օրենքների թվով, պատգամավորների նախաձեռնողականությամբ, փոխարենը հավակնում է դառնալ ընդդիմության և իշխանության միջև փոխբացառման սկզբունքով գործող թերևս ամենաանհանդուրժողական և բևեռացված օրենսդիր մարմինը Հայաստանի պատմության մեջ: Այդ մասին Մեդիա կենտրոնում հայտնեց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ հանրությանը ներկայացնելով 8-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները:

Վասիլյանի խոսքով՝ ամենաբնութագրող, ամենացայտուն հատկանիշը, որը տարբերում է Ազգային ժողովի ներկա գումարման գործունեության մշտադիտարկումը նախորդներից, այն էր, որ ներկա խորհրդարանը ձևավորվել է արտասովոր, «ոչ ստանդարտ» իրավիճակում, հետպատերազմական ճգնաժամի հանգուցալուծման առաքելությամբ ու հավակնությամբ և իր ողջ գործունեության ընթացքում կրել այդ իրավիճակի ազդեցությունը:

«Գլխավորը բնութագիրը, որը տալիս ենք ոչ թե գնահատականներով, այլ փաստերի, թվերի, միտումների համադրմամբ, այն է, որ այս խորհրդարանը հավակնում է լինել ընդդիմության և իշխանության միջև փոխբացառման սկզբունքով գործող թերևս ամենաանհանդուրժողական օրենսդիր մարմինը պատմության ընթացքում: Եվ այս իրավիճակը ազդել է խորհրդարանի բոլոր՝ ե՛ւ սահմանադրական, ե՛ւ կարգավիճակային գործառույթների արդյունավետության վրա: Որոշ թվեր, որոնք ուղղակի մեր դիտարկումն է փաստել, ապացուցում են, որ այդ մթնոլորտից արդյունավետությունը իսկապես տուժել է», – մեկնաբանեց Լուսինե Բարսեղյանը:

Ըստ նրա՝ մյուս կարևոր բնութագրիչն այն է, որ 2021 թ. ձևավորված 8-րդ գումարման խորհրդարանի 2-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված օրենքների թիվը ամենացածր ցուցանիշներից է մոնիտորինգային ծրագրի 10-ամյա գործունեության ընթացքում: Օրինակ, 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 143, 3-րդ նստաշրջանում՝ 169, իսկ 4-րդում՝ 343 օրենք:

«Իհարկե, շատ դժվար է որակական գնահատական տալ այս ցածր ցուցանիշին միայն թվի հիման վրա, բայց ակնհայտ է մի բան, որ հաշվի առնելով այն խնդիրների սրությունը, որոնց բախվել է Հայաստանը հետպատերազմական իրավիճակում, օրենքների փոքր թիվը մտահոգիչ է հատկապես այդ համատեքստում, որ համադրելի չէ իրավիճակին, որում հայտնվել է Հայաստանը պատերազմից հետո: Այստեղ մեր ահազանգը, շեշտադրումը հատկապես այն կետում է, որ այս ցածր ցուցանիշը համադրելի չէ իրավիճակի ու խնդիրների սրությանը», – ասում է ծրագրի ղեկավարը:

Բացի այդ, նվազել է նաև խորհրդարանի նախաձեռնողականությունը:

«Մենք 7-րդ գումարման խորհրդարանում բացառիկ ռեկորդ ֆիքսեցինք. կառավարություն-խորհրդարան հարաբերակցությունը հասել էր 30/70-ի: Ողջունեցինք, համարեցինք, որ նաև մեր ներդրումը կար դրանում, որ խորհրդարանը սկսել է ավելի շատ օրենքներ հեղինակել: Այս նստաշրջանում պատկերը լրիվ հակառակն է. 98 օրենքից միայն 6-ն են պատգամավորները, այն էլ՝ խոսքը երկու օրենսդրական փաթեթի մասին է, որոնք բացվածքով են օրենքները ներկայացնում, և 6-ն էլ խորհրդարանական մեծամասնության նախաձեռնություններն են», – հաղորդեց Վասիլյանը:

Ներկա պառլամենտում բևեռացվածության, անհանդուրժողականության մթնոլորտը ցույց տվող ցուցանիշներից մյուսն, ըստ մշտադիտարկման ծրագրի ղեկավարի, այն է, որ ընդդիմության որևէ նախաձեռնություն 2-րդ նստաշրջանի ընթացքում չի ընդունվել: Թերևս միակ բացառությունը «Հայաստան» հիմնադրամի միջոցներն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությունն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև