armenpress.am։ Հաջորդ տարվա պետական բյուջեի հայտի մեջ հոգեբուժությանը հատկացվող ֆինանսավորման մեծացում է նախատեսվում: Ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարի մամուլի ասուլիսը անցկացվում է Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:
«Ասուլիսի վայրը պատահաբար չենք ընտրել: Որոշել ենք պարբերաբար տարբեր բուժհիմնարկներում անցկացնել մեր միջոցառումները: Հոգական առողջության պահպանման ազգային կենտրոնը մեր խոշորագույն հոգեկան առողջության պահպանման կենտրոններից է, որտեղ իրենց բուժումը և խնամքն են ստանում հարյուրավոր քաղաքացիներ»,-ասաց նա:
Անդրադառնալով հոգեկան առողջությանը հատկացվող ֆինանսավորմանը՝ Թորոսյանն ասաց, որ 2018 թվականից սկսած նախարարությունը հավելյալ միջոցներ է դուրս գրել հոգեկան առողջության կենտրոնների համար, որոնց միջոցով հնարավոր է դարձել հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմանները որոշակիորեն բարելավել:
«Մենք միանում ենք «Չկա առողջության առանց հոգեկան առողջության» աշխարհում ընդունված կոչին և գնում ենք դեպի համայնքային հոգական առողջության զարգացմանը` հայեցակարգային առումով հնարավորություն տալով հիվանդին բուժում ստանալ իր համայնքում` ոչ մեկուսացված»,-հավելեց նա: