Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Պեկինում մասնակցում է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին, որտեղ նախատեսված է նրա ելույթը:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ երեքշաբթի երեկոյան Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին: Այն տրվել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի անունից:
Ընթրիքին մասնակցել են նաև համաժողովին մասնակցելու նպատակով Չինաստան ժամանած Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: