Բանակի հասանելիքը յուրացնողներ հիմա էլ կան եւ քրեական գործեր են հարուցվել. Փաշինյան |news.am|

news.am: Բանակի հասանելիքը յուրացնողներ հիմա էլ կան եւ քրեական գործեր են հարուցվել: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե բանակում կոռուպցիոն երեւույթները վերացել են, բանակի հաշվին հարստացողներ չկան, ինչու են ծնողները շարունակում իրենց որդիների համար ծանրոցներ, հագուստ ու կոշիկ ուղարկել: Մասնավորապես, առնվազն կան մի քանի վաճառքի կետեր Երեւանում, որոնք շատ ակտիվ կերպով զբաղված են համազգեստ վաճառելով:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցով հետաքննություն է տեղի ունենում, որովհետեւ առնվազն կան կասկածներ, որ որոշ կոռուպցիոն մեխանիզմներ դեռ գործում են բանակում. «Ես Գլխավոր շտաբի պետին կանչել եմ ու ասել՝ ես այսպիսի խնդիր եմ դնում, կարո՞ղ եք այդ խնդիրը լուծել: Ինձ ասել են՝ խնդիր չկա, կլուծենք: Դրանից հետո տարօրինակ բան է տեղի ունեցել: Ես դրանից 10 օր հետո լուր եմ ստացել, որ սպաները մտնում են զորամասեր, խուզարկում են եւ ծնողների ուղարկածներն առգրավում: Ես ինչ եմ հանձնարարում, դու ինչ եք իրականացնում: Դրանից հետո ես գնացել եմ զորամասեր, կերել եմ զինվորի ուտելիքն ու ինձ վատ եմ զգացել: Ես հանձնարարել եմ բոլոր այդ ուտելիքները հանել շրջանառությունից: Դրանից 2-3 ամիս հետո արձանագրել եմ, որ այդ ուտելիքը չի հանված շրջանառությունից: Ինձնից մեկ տարի է պահանջվել, որ կարողանամ հասնել նրան, որ սննդակարգից հանեն «ռագու» կոչվածը: Դա ինչ-որ մեկն արտադրում է եւ այդ արտադրողները, օպերատիվ տվյալներով հայտնի, մեծ անուններ են»,-հայտարարեց Փաշինյանը:

Այո, մենք ունենք հագուստի խնդիր, որը նեյլոնի եւ բամբակի պարունակությունն է հագուստի մեջ: Աշխատանքներ են տարվում, որ բամբակի բաղադրիչն ավելանա:

Մենք խնդիր ունենք հագուստի սեզոնայնության հետ: Աշխատում ենք, որ շոգ եղանակի համար նաեւ կարճաթեւ համազգեստ ունենանք: Սննդի մասով որոշել ենք դա պատվիրակել այլ կազմակերպության: Այս տարի պիլոտային ծրագիրը կունենանք»:

Ինչ վերաբերում է ծանրոցներ ուղարկելուն, վարչապետը նշեց. «Խնդիրը հետեւյալն է. զինվորն առանց այդ ծանրոցի կարո՞ղ է ծառայել, թե չի կարող, որովհետեւ ծնողին չենք կարող արգելել ինչ-որ բան ուղարկել: Օրինակ «Սնիկերս» չենք տալիս, բայց քաղցրավենիք տալիս ենք: Նաեւ զինվորների բավարարումները պատրաստվում ենք բարձրացնել: Այդ հարցը հետեւողականորեն կլուծվի»:

Փաշինյանը նշեց, որ խնդիր կա նաեւ զինվորների քրեական մտածողության առումով. «Մեր զինվորները հիմա էլ մտածում են, որ մեկի վարտիքը մյուսի վարտիքի հետ լվանալը արժանապատվության ոտնահարում է: բանակում իներցիոն երեւույթներ կան, տեղ-տեղ նայողների երեւույթը կա»:

«Ես տպավորված եմ, թե այս մեկ տարվա ընթացքում գլխավոր շտաբի պետը եւ պաշտպանության նախարարը եւ՛ մարտավարական իմաստով, եւ՛ մատակարարումների հարցով ինչ հսկայական աշխատանք են կատարել»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ անցյալ տարի մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսը զինված ուժերում մթերքի գնումները հնարավոր չի եղել անել, որովհետեւ տենդերին մասնակցած ընկերություններն իրար դատ են տված եղել, եւ դրա պատճառով, ամբողջ պրոցեսը կասեցվել է։ «Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ մեր զինվորները ապահովված են բարձրորակ վարտիքներով եւ մայկաներով: Հիմա փորձարկվում է կոշիկը: Առաջին արձագանքը դրական է, բայց կան նաեւ բողոքներ: Այդ խնդիրը լուծվում է»,- ասաց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն