Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողը վարչապետ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ է այսքան մեծ դեր տրվել ԱԱԾ֊ին և ինչո՞վ պետք է զբաղվեն մյուս իրավապահ կառույցները, ինչին ի պատասխան նա ասաց․
«Գիտեք, որ ասում եք ԱԱԾ֊ն վերածվել է սուպեր կառույցի, ոչ մի բանի էլ չի վերածվել։ ԱԱԾ֊ն հեղափոխությունից առաջ ավելի սուպեր կառույց է եղել և երրորդ՝ հանրապետության պատմության ողջ ընթացքում միշտ ավելի սուպեր կառույց է եղել, քան հիմա։ Որովհետև ԱԱԾ֊ն միշտ չէ, բայց երբեմն նաև «բեսպրեդել» թույլ տալու հնարավորություն ունի։
ԱԱԾ֊ն սուպեր կառույց չի, շարքային սովորական իրավապահ կառույց է։ ԱԱԾ֊ի և այլ կառույցների մի շարք գործառույթներ կվերցվեն, երբ ձևավորվի անկախ հակակոռուպցիոն մարմին։ Ինչու՞ մինչև հիմա չի ձևավորվել անկախ հակակոռուպցիոն մարմին։ Որովհետև հարյուր տեսակետ կա, թե ինչպես պետք է անկախ հակակոռուպցիոն մարմին ձևավորվի, ինչ լիազորություններ պետք է ունենա։ Ես կարող եմ ասել՝ այսպես պետք է լինի անկախ հակակոռուպցիոն մարմինը, մի ամիս ժամանակ՝ գնացեք ստեղծեք։ Բայց հետո պիտի ասեն՝ այ, սուպերվարչապետ, ինչ ուզում է, նենց էլ անում է, ոչ քննարկում է, ոչ հարցնում է, և այլն, և այլն։ Իսկ հիմա հարցնում են՝ ինչի է մի տարի ձգվել։ Որովհետև ես պատվիրակել եմ այդ լիազորությունը ուրիշներին, որ ամեն ինչ ես չորոշեմ։
ԱԱԾ֊ն սուպեր կառույց չի, նույնպիսի կառույց է, ինչպիսին ոստիկանությունը, և ուրիշ ոչ մի մարմնի արգելված չի նույն ծավալով կոռուպցիայի դեմ պայքար ծավալել, ընդհակառակը՝ նույն մարմիններից պահանջվում է։
Կա ուրիշ հանգամանք․ գուցե ԱԱԾ֊ն ավելի է մասնագիտացած որոշակի սպեցիֆիկայով աշխատանք իրականացնելու մեջ։ Օրինակ, ոստիկանությունը այսօր ասում է, որ իրենք ունեն տեխնիկական կախվածություն ԱԱԾ֊ից և դրա համար իրենք շատ դեպքերում չեն կարողանում արդյունավետ գործել։ Եվ ես ասել եմ, որ ԱԱԾ֊ի այսօրվա հակակոռուպցիոն գործառույթը պետք է գնա անկախ հակակոռուպցիոն մարմին, բայց մենք բոլորս պետք է համոզվենք, որ դա ճիշտ որոշում է։
Համաձայնություն պետք է ունենանք։ Եթե ուզում եք, որ ես որոշեմ՝ ես իմ մեջ որոշում ունեմ, բայց հետո չասեք՝ սուպերվարչապետական համակարգ։
Հաջորդը, մենք քննարկում ենք, և ԱԱԾ֊ն էլ է համաձայն, որ մենք առանձին հետախուզական ծառայություն պետք է ունենանք, բայց ինչպիսին պետք է լինի այդ հետախուզական ծառայությունը, դա պետք է շատ մանրամասն քննարկված, մտածված գործողությունն լինի։ Եվ էդպես շարունակ»։