Լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել ակումբը։ Այս մասին հայտնում է Չելսիի մամուլի ծառայությունը։ Ռոման Աբրամովիչի հայտարարությունը ստորև․
«Կցանկանայի անդրադառնալ վերջին մի քանի օրվա ընթացքում ԶԼՄ-ներում տարածված շահարկումներին՝ կապված «Չելսի» ՖԱ-ին իմ սեփականության հետ: Ինչպես նախկինում ասել եմ, ես միշտ որոշումներ եմ կայացրել՝ հաշվի առնելով ակումբի լավագույն շահերը: Ներկա իրավիճակում ես որոշում եմ կայացրել վաճառել Ակումբը, քանի որ կարծում եմ, որ դա բխում է Ակումբի, երկրպագուների, աշխատակիցների, ինչպես նաև ակումբի հովանավորների և գործընկերների շահերից:
Ակումբի վաճառքը չի իրականացվի արագ ընթացքով, այլ կհետևի պատշաճ ընթացակարգին: Ես չեմ խնդրելու որևէ փոխառության վերադարձ. Ինձ համար սա երբեք բիզնեսի կամ փողի մասին չի եղել, այլ եղել է խաղի և ակումբի հանդեպ մաքուր կիրք:
Ավելին, ես հանձնարարել եմ իմ թիմին ստեղծել բարեգործական հիմնադրամ, որտեղ կնվիրաբերվի վաճառքից ստացված ողջ մաքուր եկամուտը։ Հիմնադրամը լինելու է ի շահ Ուկրաինայի պատերազմի բոլոր զոհերի։ Սա ներառում է տուժողների հրատապ և անմիջական կարիքների համար կարևոր ֆինանսական միջոցների տրամադրում, ինչպես նաև վերականգնման երկարաժամկետ աշխատանքին աջակցություն:
Խնդրում եմ, իմացեք, որ սա աներևակայելի դժվար որոշում էր, և ինձ ցավ է պատճառում այս կերպ բաժանվել ակումբից: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ դա բխում է ակումբի լավագույն շահերից:
Հուսով եմ, որ կկարողանամ վերջին անգամ այցելել Սթեմֆորդ Բրիջ՝ անձամբ հրաժեշտ տալու բոլորիդ։ «Չելսի» ՖԱ-ի մի մասը լինելը ողջ կյանքի արտոնություն էր, և ես հպարտ եմ մեր բոլոր համատեղ ձեռքբերումներով: «Չելսի» ֆուտբոլային ակումբը և նրա աջակիցները միշտ կլինեն իմ սրտում»։