Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Մերձավոր Արևելքից Ուկրաինա կամավորներ ներգրավելու առաջարկին՝ նշելով, որ նրանց օգնություն է անհրաժեշտ պատերազմական գոտի հասնելու համար, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն․
«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են կամավոր հիմունքներով, հատկապես՝ ոչ փողի դիմաց, գալ եւ օգնել Դոնբասում ապրող մարդկանց, դուք պետք է հանդիպեք նրանց կես ճանապարհին և օգնեք տեղափոխվել պատերազմական գոտի»,- ասել է նա Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը։
ՌԴ ղեկավարը նաեւ նշել է, որ «արևմտյան հովանավորները» չեն թաքցնում վարձկանների հավաքագրումը հակամարտությանը մասնակցելու համար. «Նրանք դա անում են բացահայտ՝ արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այս շաբաթ ասել էր, թե երկիրը 20 հազար դիմում է ստացել օտարերկրացիներից, ովքեր ցանկանում են Կիևի կողմից մասնակցել հակամարտությանը։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ այսօրվա հանդիպմանը նշել է, որ Լուգանսկն ու Դոնեցկը եւս ստացել են նմանատիպ ավելի քան 16 հազար հարցումներ, որոնց մեծ մասը Մերձավոր Արևելքի երկրներից է։