Վարչապետը հույս ունի, որ առաջիկայում Հայաստանում որոշ ապրանքների էժանացումներ կլինեն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է, բայց հավելում, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում: Վարչապետի խոսքով՝ գնաճի աննախադեպ բարձր փուլում է աշխարհը, և դրա պատճառները կարելի է իմանալ՝ ցանկացած պահի նորությունների ալիքների բովանդակությանը ծանոթանալով:

Վարչապետն այս մասին ասաց կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում:

«Եվ Հայաստանը դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ: Իսկ թե այս առումով ինչպիսին է կառավարության քաղաքականությունը՝ երևաց 2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանը աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում: Որովհետև մենք վերացրեցինք արհեստական մենաշնորհները և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության՝ չեն բարձրանա, որոշ դեպքերում՝ ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում էլ կունենանք»,- մանրամասնեց վարչապետը:

Փաշինյանը հավելեց՝ հասկանում են, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնեն, և դա անում են այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է բոլորի տված հարկերի հաշվին: «Իսկ թե մենք ինչպես ենք հավաքագրում հարկերը, ցույց են տալիս 2021՝ մեզ համար ամենաճգնաժամային թվականի տվյալները, երբ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազանցվել են շուրջ 147 միլիարդ դրամով: Իսկ եթե հաշվի առնենք առանց օրենսդրական փոփոխությունների ստացված հավելյալ եկամուտները՝ շուրջ 110 միլիարդ դրամ: Ընդհանրապես, 2018 թվականից հետո մեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 35 տոկոսով, ինչպես խոստացել էի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ կան շահարկումներ այն մասին, որ բարձրացնում են իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձեր և բավարար չափով չեն բարձրացնում կենսաթոշակներ: «Այո, բայց պետք է հաշվի առնել երկու բան: Նախ` մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հագու, նույնիսկ 20 հազար հագու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան բարձրացնել 550 հազար հոգու թոշակը, կամ 600 հազար հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն: և մենք իհարկե, ամեն հնարավորը անում ենք նախընտրական մեր խոստումները և կենսական անհրաժեշտ որոշումները օր առաջ կյանքի կոչելու համար»,- մանրամասնեց վարչապետը:

Նա հավելեց, որ իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացնում են առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու, որովհետև իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում և հետո այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված երկրի տնտեսության, իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը: «Ամեն դեպքում, սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավելևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն