Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար և մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամիսներին մեր կատարած աշխատանքը։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ելույթի սկզբում նշեց, որ պետք է քննարել իր կարծիքով այլևս անհետաձգելի ու հրատապ լուծում պահանջող մի խնդիր։ Վարչապետը հիշեցրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բոլորիս հայտնի քաղաքական փոփոխություններ, որոնց արդյունքում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող և լեգիտիմ կառավարություն, այսինքն՝ գործադիր իշխանություն, ժողովրդի վստահությունը վայելող և լեգիտիմ Ազգային ժողով՝ այսինքն՝ օրենսդիր իշխանություն։
«Վերջին մեկ տարվա իրադարձությունները, սակայն, շարունակաբար ցույց են տալիս, որ ՀՀ-ում ինչպես չի եղել, այպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն։ Եվ դատական իշխանության գործողությունները շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում մեր հասարակության շրջանում։ Չեմ կարող և չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների օրինականության ու հիմնավորվածության մասին»,- ասաց վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում՝ չնայած անհնար է դատարանի բոլոր որոշումները նույն արշինով չափել։
«Եվ ուրեմն՝ հարգելի՛ գործընկերներ, եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալում․
1. Հայաստանում գործող բոլոր դատավորներն առանց բացառության պետք է ենթարկվեն վեթթինգի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ ժամանակահատվածում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին։
2. Մարդու իրավունքների եվրոպական որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։
3. Բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ, պետք է հրաժարական տան, այդպիսով՝ կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին։
4.Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար ,և մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամիսներին մեր կատարած աշխատանքը։
5. Ազգային ժողովում պետք է տեղի ունենա համապատասխան օրենսդրական աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար։ Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին։ Եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև այդ լուծումներին։ Այս ողջ աշխատանքը, ընդ որում, պետք է տեղի ունենա ոլորտի միջազգահին հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցությամ, միջազգային լավագույն փորձի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում։