Մերժել մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանող ուժերին․ վարչապետի կոչը արցախցիներին

 

Ամփոփելով Արցախ-Հայաստան թեման՝ կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ և աներկբա «ո՛չ» ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն։ Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից։ Մյուս բոլոր ուժերը միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց ներխմբային շահերը սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները խորքային են և անշրջելի, և այդ փոփոխությունների հեղինակը ոչ թե առանձին վերցրած քաղաքական ուժ է, այլ Հայաստանի ազատ և հպարտ քաղաքացին, ողջ հայ ժողովուրդը։

«Բոլոր նրանք, ովքեր ապրում են Հայաստանը ետ շպրտելու անիմաստ մոլուցքով, գործում են ընդդեմ ժողովրդի, ընդդեմ Հայաստանի ժողովրդի, ընդդեմ Արցախի ժողովրդի, ընդդեմ հայ ժողովրդի։

Սիրո և համերաշխության հեղափոխությունը տապալել է կոռուպցիոն համակարգը և չի կարող համակերպվել որևէ այլ արդյունքի հետ, քան այդ կոռուպցիոն համակարգի ամբողջական և անվերապահ կապիտուլյացիան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն