Ուզում եմ արձանագրել, որ չի կարող գոյություն ունենալ դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդից։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա մասնավորապես ասաց․ «Հայաստանի Սահմանադրության ոչ փոփոխելի երկրորդ հոդվածը հստակ արձանագրում է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Հետևաբար, երկրում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, այդ թվում՝ դատական, որ չի ներկայացնում ժողովրդին, որի իշխանությունը չի բխում ժողովրդից»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որպես Հայաստանի վարչապետ՝ իրեն համարում է Հայաստանում ժողովրդի իշխանության երաշխավորը և մտադիր է այդ իշխանության երաշխավորման նպատակով իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ ընդհուպ, անհրաժեշտության դեպքում, ժողովրդի անմիջական աջակցությանը դիմելը։
«Եվ այս իմաստով պատեհ եմ համարում մեկնաբանել, թե ինչ նպատակ և խորհուրդ ունի այսօր վաղ առավոտի Հայաստանի առանց բացառության բոլոր դատարանների մուտքերը արգելափակելու իմ կոչը։ Այդ ակցիայի առանցքային սիմվոլն այն է, որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որը չունի ժողովրդի վստահությունը, հակառակ դեպքում նույնիսկ ամենահիմնավորված որոշումը ժողովուրդն ընկալելու է որպես վիրավորանք, որովհետև դատավճիռները կայացվում են հանուն Հայաստանի Հանրապետության, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից։ Եվ այդ վճիռները կարող են կայացնել միայն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ ժողովրդի անունից խոսելու ինստիտուցիոնալ իրավունք»,- հայտարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ելույթը եզրափակեց՝ ասելով, որ այս քննարկման արդյունքներով ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ուղերձով կդիմի դատարանների մուտքերը արգլեափակած քաղաքացիներին։