Լիտվան արտաքսում է Ռուսաստանի դեսպանին |1lurer.am|

1lurer.am: Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանը ստիպված կլինի լքել Լիտվան. Մոսկվայից հետ է կանչվել Լիտվայի դեսպանը։ Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Բալթյան այս հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

«Լիտվայի կառավարությունը, արձագանքելով Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող ագրեսիվ գործողություններին, որոշել է իջեցնել դիվանագիտական ​​առաքելության կարգավիճակը։ ՌԴ դեսպանը ստիպված կլինի լքել Լիտվան: Մոսկվայում Լիտվայի դեսպանն էլ շուտով կվերադառնա Վիլնյուս»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Լիտվայի կառավարության որոշմամբ կփակվի նաև Կլայպեդայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Ինչպես նշել է Լանդսբերգիսը, Վիլնյուսն իր որոշման մասին տեղեկացրել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի գործընկերներին։ «Մենք մեր գործընկերներին հորդորել ենք հետևել մեր օրինակին»,- ասել է դիվանագետը։

Մեկ այլ որոշմամբ՝ մոտ ժամանակում Կիև կվերադառնա Ուկրաինայում Լիտվայի դեսպանը:

Վիլնյուսի որոշման հրապարակումից անմիջապես հետո Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման մասին է հայտարարել նաև Լատվիայի կառավարությունը: Ռիգան նույնպես պատրաստվում է վտարել Ռուսաստանի դեսպանին և հետ կանչել իր դեսպանին Մոսկվայից։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կրեմլի պատասխան միջոցները չեն ուշանա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն