Ինչ է նշանակում վարչապետի նշած վեթինգը (vetting)՝ պարզաբանում է փաստաբանը

Փաստաբան Արման Զրվանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է Անցումային արդարադատության, «Vetting»-ի մասին:

«Անցումային արդարադատություն 4.0 Vetting

Ալբանիան այս օրերին իրականացնում է դատական իշխանության բարեփոխում, մասնավորապես` դատավորների ու դատախազների վեթինգ (vetting). Vetting անգլերենում նշանակում է զտում, ֆիլտրացիա, վերագնահատում, իսկ ավելի հաճախ օգտագործվում է այն ժամանակ, երբ կոնկրետ ոլորտում իրականացվում են պաշտոնական ստուգումներ, քննություններ` պարզելու համար պաշտոնատար անձանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոններին:

Կարևոր է շեշտել, որ վեթինգն իրականացվում է ժողովրդավարական մարմնի, օրենսդիրի ընդունած համապատասխան օրենքի հիման վրա և օրենքի համաձայն:

Ալբանիայի կողմից դատավորների/դատախազների վեթինգի իրականացումը մասամբ պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ ԵՄ Եվրոպական հանձնաժողովը խիստ քննադատության էր ենթարկել Ալբանական իշխանություններին այն բանի համար, որ դատական իշխանության խորքային ռեֆորմը և այնտեղ տիրող կոռուպցիայի դեմ պայքարը հապաղում է, և պահանջել էր կոնկրետ և անհապաղ քայլեր ձեռնարկել դատական բարեփոխման ուղղությամբ, ներառյալ` սահմանադրական փոփոխություններ: Ընդունված վեթինգի օրենքի վերջնանպատակը դատական իշխանության հանդեպ հանրության վստահության վերականգնումն ու դատական իշխանության անկախության ապահովումն է:

Ալբանիայում վեթինգն իրականացվում է երեք հիմնական չափանիշներով`
1.Ունեցվածք: Վեթինգի ենթարկվողները, նրանց հարազատները հայտարարագրում են իրենց ողջ գույքը: Նրանք պետք է ցույց տան գույքի ծագման աղբյուրները: Հայտարարագրման է ենթակա այն գույքը, որը ձեռք է բերվել պաշտոն ստանձնելուց հետո:

2.Կասկածելի կապերի ստուգում (background check): Այս չափանիշի վերջնանպատակն է հավաստիանալ, որ դատավորը/դատախազը կապված չեն կազմակերպված հանցավոր խմբերի (մաֆիա) հետ:

3.Գիտելիքների/հմտությունների վերագնահատում: Ուսումնասիրվում են նախկինում դատավորի/դատախազի կողմից էթիկայի նորմերի, օրենքների խախտումների դեպքերը և արդյունքում դրանց տրվում է գնահատական:

Այս չափանիշներն, իհարկե, սպառիչ չեն, և ընտրվել են կոնկրետ բարեփոխման նպատակներից ու առկա խնդիրներից:

Վեթինգի օրենքով Ալբանիայում ստեղծվել են նաև վեթինգի անկախ մարմիններ, որոնք որոշումներ են կայացնում վերագնահատման արդյունքներով, ինչպես նաև բողոքարկման հնարավորություններ են ստեղծված վերագնահատումը չանցած դատավորների/դատախազների համար: Ողջ պրոցեսը գտնվում է միջազգային հանրության անմիջական ուսումնասիրության ներքո, ով հաճախ դիտարկումներ է անում ընթացքի վերաբերյալ»,- գրել է Զրվանդյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն