hetq.am: Կառավարությունը 3,8 մլրդ դրամ կհատկացնի Առողջապահության նախարարությանը՝ առողջապահական կազմակերպությունների կառուցման և վերակառուցման նպատակով։ Որոշումն ընդունվեց գործադիրի՝ ապրիլի 7-ի նիստում։
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնեց, որ Կառավարությունը հանձնառություն է ստանձնել 5 տարիների ընթացքում վերակառուցել և կառուցել 50 առողջապահական կազմակերպություններ։ Առողջապահության նախարարությունը 2021 թվականից արդեն իսկ սկսել է առողջապահական կազմակերպությունների վերակառուցման աշխատանքներ:
Ըստ նախարարի տեղակալի՝ նախագծում ընդգրկված են 6 առողջապահական կազմակերպություններ, որոնց վերակառուցման աշխատանքները սկսվել են 2021-ին, և այս գումարը նախատեսված է դրանց կապիտալ ծախսերի շարունակականության ապահովման համար։
Դրանք են Արագածոտնի մարզի Թալինի ԲԿ-ն, Կոտայքի մարզի Չարենցավանի ԲԿ-ն, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի առողջության կենտրոնը, Արարարտի մարզի Մասիսի ԲԿ-ն, Սյունիքի մարզի Սիսիանի ԲԿ-ն և «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը»։
ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության տարածքում նախատեսվում է նաև ՀԱՊԱԿ-ի դատաբժշկական և դատապարտյալների հոգեբուժական նոր մասնաշենքի կառուցում, որի համար անհրաժեշտ է մշակել նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթ: Նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթ մշակման ծառայությունների ձեռքբերման համար կհատկացվի 25 մլն դրամ։