Եթե պետությունը ընդունում է, որ բացի ջախջախվելուց այլ տարբերակ չունի, դա պետք է քաղաքական հետևանքներ ունենա․ Բենիամին Պողոսյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2021 թ․-ի կատարողականի զեկույցի քննարկմանը Արցախի կարգավիճակի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ մի քանի հայտարարություններ արեց։ Մասնավորապես, նա նշեց, որ  «միջազգային հանրությունը Հայաստանին կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ»։ Ի թիվս այլնի, Փաշինյանը հայտարարեց, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ ՀՀ-ն էլ ճանաչի այն, ակնկալում է նաեւ, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում:

Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ հարկադրված է համաձայնվել Ադրբեջանի պահանջներին և Արցախը փաստացի ճանաչել որպես Ադրբեջանի մաս՝ խնդրելով գոնե մշակութային ինքնավարություն։  Infocom-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։ 

«Ինչքանով ես հասկացա վարչապետի ելույթը, մի քանի ասելիք կար․ ասելիք համար մեկ․ եթե մենք չենք համաձայնում կատարել Ադրբեջանի պահանջները, ներառյալ՝ համաձայնել, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, ենթադրաբար ինչ-որ ինքնավար տարբերակով, ապա կանգնած ենք նոր պատերազմի սպառնալիքի առջև, որին մենք դիմակայել չենք կարող։ Այսինքն՝ ցավոք սրտի, պետք է ֆիքսենք, որ պատերազմից անցել է 18 ամիս, էական որևէ բան չենք արել Զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ, հետևաբար նոր պատերազմի դեպքում կջախջախվենք այնպես, ինչպես 2020-ին, գուցե այս անգամ տարածքներ կկորցնենք բուն Հայաստանից»։

Պողոսյանի խոսքով՝ ելույթի երկրորդ ուղերձն այն է, որ միջազգային հանրությունը  հստակ ասում է՝ լավագույնը, ինչի հույսը կարող է Հայաստանը ունենալ, Արցախի համար ինչ-որ մշակութային ինքնավարություն խնդրելն է․ «Առավելագույնը, որի հույսը Հայաստանը կարող է ունենալ, Արցախի համար մշակութային ինքնավարության նման ինչ-որ բան Ադրբեջանի կազմում, չնայած դա էլ երաշխավորված չէ։ Եթե Հայաստանը գոնե դրան համաձայնվի, ապա միջազգային հանրությունը խոստանում է, որ կփորձի համոզել Ադրբեջանին դա ընդունել  և, միևնույն ժամանակ, Հայաստանին ինչ-ինչ աջակցություն ցույց կտա, սակայն եթե մենք շարունակենք ասել, որ մեզ համար անընդունելի է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, այդ դեպքում Ադրբեջանը սկսի պատերազմ և որևէ մեկը Ադրբեջանին չի կանգնեցնի, որովհետև մեզ կասեն՝  դուք մաքսիմալիստական պահանջներ առաջ քաշեցիք, գնացեք և պատժվեք ձեր մաքսիմալիստական պահանջների համար»։

Բենիամին Պողոսյանի խոսքով՝ սրա հետևանքով արցախահայերը կլքեն Արցախը․ «Արցախցիների համար դա անընդունելի է, արցախցիներին ասելու են՝ դուք ունեք ընդամենը երկու տարբերակ՝ կամ հեռանալ Արցախից, կամ լինել Ադրբեջանի կազմում ինքնավար կարգավիճակով, ստանալ ադրբեջանական անձնագրեր, ունենալ ադրբեջանական պաշտոնյաներ, ոստիկաններ և այլն, պարզ է, որ մարդիկ ընտրելու են Արցախից հեռանալու տարբերակը»։

Նրա դիտարկմամբ՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը պետության համար ջախջախում է,  և եթե պետությունն ընդունում է, որ բացի ջախջախվելուց՝ այլ տարբերակ չունի, ապա դա քաղաքական հետևանքներ պետք է ունենա․ «Նախ եկեք ֆիքսենք, որ Հայաստանի պարտությունը 2022 թ․-ի ապրիլի 13-ին չի սկսվել։ Այնպես չի, որ մենք 100 տարի քնած էինք, աչքերը բացել,  հայտնվել  ենք 2022 թ․-ի ապրիլի 13-ին և ասում ենք՝ այլ տարբերակ չկա, մենք պետք է ջախջախվենք։ Երբ պետությունը հասնում է այն վիճակին, երբ ընդունում է, որ ջախջախվելուց բացի՝ այլընտրանք չունի, իմ տրամաբանությամբ սա պետք է քաղաքական հետևանքներ ունենա այն մարդկանց համար, որոնք ղեկավարել կամ ղեկավարում են պետությունը։ Չի կարելի ասել՝ հարգելիներս, մենք ջախջախվելուց բացի այլընտրանք չունենք, հետևաբար գնում ենք ջախջախման, և դա քաղաքական հետևանքներ չունենա»։

Բենիամին Պողոսյանի կարծիքով՝  Ադրբեջանը Հայաստանի բոլոր ուղղություններով լայնածավալ հարձակում չի սկսի, եթե ՀՀ-ն չճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս․ «Ես ամեն դեպքում մի փոքր թերահավատ եմ, որ եթե մենք Արցախը միանգամից չենք ճանաչում Ադրբեջանի մաս, ապա տեղի է ունենում լայնածավալ հարձակում ՀՀ-ի վրա։ Վարչապետի հայտարարության իմաստը այն որ, որ Արցախը մեր համար շատ թանկ է, եթե Արցախը չկորցնենք, Սյունիքը  կկորցնենք։ Վստահ չեմ, որ Արցախը կորցնելուց հետո Սյունիքը կպահենք, բայց չեմ կարծում՝ հիմա այնպիսի իրավիճակ է, որ եթե Արցախը Ադրբեջանի մաս չհամարենք, հենց վաղը Ադրբեջանի զորքերը մտնում են Կապան և Կապանի մարզպետարանի վրա բարձրացնում են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշը։ Մենք հրաժարվում ենք Արցախից, որ փրկենք Սյունիքը, բայց գիտենք, որ Ադրբեջանը պահանջելու է նաև Սյունիքը։ Եթե ուժով կարող է ստանալ Արցախը, ապա կարող է ստանալ նաև Սյունիքը։ Եթե Սյունիքը կորցնելու ենք, ինչո՞ւ ենք Արցախից հրաժարվում Սյունիքը փրկելու անվան տակ։ Տրամաբանությունն անհասկանալի է»։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ Պողոսյանն ասաց՝ Մինսկի խմբի համանախագահությունը դադարել է գործել որպես մեկ ամբողջություն, սակայն Մինսկի խումբը կա և համանախագահները կան․

«Եկեք տարբերակենք Մինսկի խումբը և Մինսկի խմբի համանախագահությունը։ Հիմա փաստացի դադարեցվել է Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը՝ որպես ամբողջական մարմին, այսինքն՝ Մինսկի խումբը կա և համանախագահները կան, մենք տեսանք, որ մարտի վերջին Հայաստան ժամանեց Ռուսաստանի համանախագահը, մոտ 2-3 օր առաջ Հայաստան ժամանեց ֆրանսիացի համանախագահը, այսինքն՝ Մինսկի խումբը դե յուրե գործում է, համանախագահները գործում են, կազմալուծված է համանախագահության աշխատանքը։  Մինսկի խումբը կա և համանախագահները առանձին-առանձին կան, որևէ  մեկը չի վերացել, պարզապես երբ համանախագահները գալիս են Հայաստան, Ռուսաստանի համանախագահը առանձին, Ֆրանսիայի համանախագահը առանձին, արդեն հարցը տեղափոխվում է Հայաստան-Ռուսաստան կամ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների ոլորտ»,- եզրափակեց Պողոսյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են ՌԴ-ի հետ համագործակցել Մինսկի խմբի շրջանակում։ Այս հայտարարությունից հետո Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Ֆրանսիան աջակցում է ԼՂ խնդրի կարգավորմանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, իսկ ԱՄՆ դեսպանատունը՝ Արմենպրեսի հարցին ի պատասխան հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։՛

Նանե Ավետիսյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն