azatutyun.am: Կարգավիճակի հարցում «նշաձողը մի փոքր իջեցնելու» վարչապետի հայտարարությունը ենթադրում է Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում իշխանականների մեկնաբանությունները ևս այդ մասին են վկայում։
«Եթե մինչև պատերազմը Հայաստանը պնդում էր Արցախի` Ադրբեջանից անկախ կարգավիճակի վրա, ապա այդ իջեցված նշաձողը ենթադրում է Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ քաղաքական կարգավիճակի մասին է խոսքը, պարզ է, որ Ադրբեջանը այս փուլում, կարծես թե, առավելագույնը համաձայն է մշակութային ինքնավարության ինչ-որ մոդելի տրամադրմանը, բայց Փաշինյանի կողմից նշված իջեցված նշաձողը, կարծում եմ, ենթադրում է հենց քաղաքական ինքնավարության ինչ-որ մոդել, Ադրբեջանի կազմում», – ասաց Գրիգորյանը։
Չհստակեցնելով հայկական կողմի դիրքորոշումը՝ Հայաստանի ղեկավարը երեկ միաժամանակ ընդգծել էր՝ «կարգավիճակը այս իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»:
Փաշինյանի հայտարարությունների մեջ սա գլխավոր հակասությունն էր, ասում է քաղաքագետը՝ ընդգծելով՝ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ հանգեցնելու է Արցախի հայաթափմանը։
«Ես համաձայն եմ, որ կարգավիճակը կարող է միջոց լինել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, սակայն Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, հանգեցնելու է Արցախի հայաթափմանը։ Դա պետք է որ ակնհայտ լինի Նիկոլ Փաշինյանի համար, և այստեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ նա չի գիտակցում այդ իրողությունը, որ որևէ կարգավիճակ, նույնիսկ տարբեր միջազգային երաշխիքներով, Ադրբեջանի կազմում ստիպելու է որպեսզի մարդիկ ինքնակամ լքեն այդ տարածքը, կամ էլ պարզապես անազնիվ է իր հայտարարությունների մեջ», – ասաց քաղաքագետը։
Տիգրան Գրիգորյանը նշում է նաև՝ անհասականալի է, թե ինչպես էր կառավարության նախորդ նիստերի ընթացքում Փաշինյանը խոսում Արցախում էթնիկ զտումների վտանգի, հետո արդեն կարգավիճակի հարցում նշաձողը «մի փոքր իջեցնելու» մասին։
Գլխավոր նկարը՝ azatutyun.am-ի