Ապրիլի 16-ին՝ ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Ս․ Շ․-ն (ծնված 1969թ.) ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ և իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը։
Ոստիկանության ավագ տեսուչ հերթապահ Ժ.Ե.-ն կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:
Այնուհետև Ս․ Շ-ն նույն նպատակով հետապնդել է ՕԿԿ կրտսեր տեսուչ հերթապահ Ա.Խ.-ին, սակայն վերջինիս հաջողվել է խուսանավել:
Քիչ անց Ս.Շ․-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ս․ Շ-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, իրականացվում է նախաքննություն: