Ստեփանակերտում սպանված ավագ տեսուչ Ժիրայր Ենգիբարյանն Արցախի նախագահի հրամանագրով հետմահու «Արիության մեդալով» է պարգևատրվել։
Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ենգիբարյանը սպանվել էր ապրիլի 16-ին՝ ճանապարհային ոստիկանության հենակետ ներխուժած քաղաքացու կողմից արձակված կրակոցներից։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և համակարգի ծառայողների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել ոստիկանի հիշատակին։
Ժիրայր Ենգիբարյանը 38 տարեկան էր, երկու երեխաների հայր։ Նա ոստիկանական համակարգում էր 2009 թվականից։ Նշվում է, որ ծառայության ամբողջ ընթացքում գերազանցությամբ է կատարել իրեն վերապահված պարտականություններն ու խնդիրները, ցուցաբերել բարձր պատասխանատվություն:
2020 թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել է ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ:
Ծառայության ողջ ընթացքում արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք խրախուսանքների և մեդալների:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը (ծնված 1969թ.) ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ և իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ:
Ոստիկանության ավագ տեսուչ հերթապահ Ժ.Ե.-ն կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է: