Մեր հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք. Արարատ Միրզոյանը՝ չինական պարբերականին

Մեր հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք. Արարատ Միրզոյանը՝ չինական պարբերականին

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին։ Հրապարակված հոդվածում նախարար Միրզոյանից մեջբերումները ներկայացրել է ՀՀ ԱԳՆ-ն։

Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարի վերաբերյալ հարցին ի պատասխան նախարար Միրզոյանը նշել է. «Մեր հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք, այլև մենք բաց ենք և պատրաստակամ՝ խորացնելու այդ հարաբերությունները առանց որևէ սահմանափակումների:

Մենք դա քննարկել ենք Չինաստանի մեր գործընկերների հետ։ Մենք ընդգծել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, և տեսնում ենք փոխադարձ շահագրգռվածություն, հետաքրքրություն՝ այս հարաբերությունները պաշտոնապես նոր մակարդակի բարձրացնելու հարցում ևս»։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Երևանի և Պեկինի միջև քաղաքական երկխոսությունն «ինտենսիվ և ակտիվ» է եղել՝ հավելելով, որ Հայաստանը ձգտում է ամրապնդել կապերը Չինաստանի հետ ոչ միայն առևտրի և ենթակառուցվածքների, այլ նաև մշակույթի և մարդկային փոխգործակցության ոլորտներում:

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հնարավորության առնչությամբ հարցին ի պատասխան նախարար Միրզոյանը նշել է, որ երբ Հայաստանը և Ադրբեջանը ավարտեցին խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները, Չինաստանն այն երկրների թվում էր, որոնք ողջունեցին այդ ձեռքբերումը: Ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է Ադրբեջանի հետ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում, այն է՝ խաղաղության պայմանագրի կնքում, նախարարը հավելել է. «Տեսնում ենք, որ Չինաստանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը»։

Հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին նախարար Միրզոյանը պատասխանել է, «Նման կարգավորումն առանցքային նշանակություն կունենա Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի համար, որը ներկայացվել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով բարելավել Հայաստանի և իր հարևանների, ինչպես նաև դրանից անդին գտնվող տարածաշրջանների, այդ թվում՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ փոխկապակցվածությունը»։

Նախարար Միրզոյանը հավելել է, որ դա կարող է դուռ բացել Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջմայրցամաքային ենթակառուցվածքների և ներդրումների ծրագրի, ինչպես նաև Եվրամիության 300 միլիարդ եվրոյանոց ներդրումային ռազմավարության՝ Global Gateway-ի հետ կապելու համար։ «Պատկերացրեք, Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեծ ազդեցություն չէր ունենա առանց Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի. և հակառակը, հավանաբար «Մեկ գոտի, մեկ ճանապարհով» երթուղին այդքան սահուն չէր ընթանա, եթե շրջանցվեր Հայաստանը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն