«Ռոստելեկոմ»-ի վաճառքի գործընթացը տապալվել է |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի «Ռոստելեկոմ» ապրանքանիշը ներկայացնող «Ջիէնսի-Ալֆա» ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքը, ՍիվիլՆեթի տեղեկություններով, տապալվել է, և ընկերության վաճառքի հեռանկարը անորոշ է։ Պատճառը փետրվարի ռուս-ուկրաինական պատերազմն է, իսկ ավելի կոնկրետ՝ ռուսական ընկերությունների դեմ արևմտյան պատժամիջոցները, որոնք թույլ չեն տվել գնորդ կողմին վարկային միջոցներ ներգրավել և վերջնականացնել գործարքը։

«Ռոստելեկոմ»-ի նախագահ Միխայիլ Օսեևսկին հունվարին հայտարարել էր, որ «Ջիէնսի-Ալֆա»-ի նախնական գինը 25 միլիոն դոլար է։ Ընկերության գնորդները խոստացել էին առաջիկա հինգ տարիներին ներդնել 2,5 միլիարդ դրամ։

Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն էին տվել այս գործարքին։

Հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ ընկերության վաճառքը չի կայացել։ «Չեմ կարող մեկնաբանել, չգիտեմ՝ ինչի հետ է կապված»,- նշեց Ֆարամազյանը։ Վերջինիս խոսքով՝ ընկերության ներկա բաժնետերերը, նաև ընկերությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների բաժնի պետ Արմեն Հունանյանը հիշեցրեց՝ կա ՀԾԿՀ-ի որոշում, որով գործարքն ավարտելուց հետո ընկերությունը պիտի համապատասխան փաստաթղթեր ներկայացնի Հանձնաժողովին. նման փաստաթղթեր մինչ այժմ ներկայացված չեն։

«Ռոստելեկոմ»-ը Հայաստանի քաղաքներում ունի 92 տոկոս ներկայություն, տվյալների հաղորդման օպտիկական համակարգեր, 3 000-կիլոմետրանոց ցանց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն