Ես իմ աշխատավայրից կհետևեմ, որ ամեն ինչ լավ լինի. Վարչապետն ակցիային չի մասնակցի

Վաղը Ոստիկանությունը պարտավոր է և իմ հրամանն է, որ ապահովի խաղաղ ակցայի անվտանգությունը, բայց ես կարծում եմ, որ մեր ակցիայի մասնակիցները ևս պետք է այս հրամայականը իրենց աչքի առաջ ունենան։ Այս մասին Ֆեյսբուքի «ուղիղ եթեր»-ով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես գիտեմ, տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնք դեռ մտածում են՝ կարող են բռնությամբ հարցեր լուծել, և կան դատարաններ, որ այդ մարդկանց աջակցություն են ցուցաբերոմ, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք արդեն ապացուցել ենք՝ ատելությունը և բռնությունը բացառող հանգամանքը մեր հաղթանակի գրավականն է»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ թավշյա հեղափոխության ոչ բռնի տրամաբանությունը պետք է պահպանել եւ վաղը. «Մեր ակցիաների ընթացքում պետք է լինենք կատարյալ քաղաքավարի միմյանց եւ ուրիշների, նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր դժգոհ են մեր ակցիաներից, մենք չենք զլանա նույնիսկ նրանցից ներողություն խնդրել եւ որեւէ սադրանքի չենք գնա, կլինենք միասնական, բայց ոչ մի բան մեզ հետ չի պահի մեր նպատակներին հասնելիս, ոչ մի բան մեզ ետ չի պահի Հայաստանը իրոք ազատ, իրոք ժողովրդավարական, իրոք իրավական պետություն դարձնելու ճանապարհին։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն իրեն պարտավորված է զգում յուրաքանչյուրի առաջ և անձամբ այդ ճանապարհով մինչեւ վերջ կգնա եւ ոչ մի բանի առաջ չի կանգնի. «Քանի դեռ ժողովուրդը լիազորում է ինձ, ես այդ ծառայությունները կմատուցեմ ամբողջ ծավալով, ուղղակի խնդրանքս այն է, որ մեր հաղթական պայքարը որեւէ սադրանքով, բռնությամբ եւ հայհոյանքով չմթագնենք»:

Նա նաև տեղեկացրեց, որ վաղը կառավարությունում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաներին հետ և կեսօրին հանդես կգա հայտարարությամբ:

«Մեր վերջնական նպատակը պետք է լինի իրոք անկախ դատական համակարգ ունենալը: Ես հավատում եմ մեր հեղափոխության իդեալներին։ Ինձ խամաճիկային դատարան պետք չէ, ժողովրդին խամաճիկային դատարան պետք չէ։ Դատական համակարգի հարցը հասունացել է», – հայտարարեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նաև նշեց, որ ինքը ակցիային չի մասնակցի և կառավարության իր աշխատավայրից կհետևի, որ ամեն ինչ լավ լինի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն