Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը պահպանվելու է․ Գոնչար

Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը պահպանվելու է, ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի շրջանակում փաստաթղթերի մեծ փաթեթ է ստորագրվել, այդ թվում՝ էներգետիկ, իրավապահ, սոցիալ-աշխատանքային և հումանիտար ոլորտներում։ Համապատասխան ռուսական և հայկական գերատեսչություններն արդեն սկսել են իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Պայմանավորվածություն կա՝ մեր հայ ընկերների համար պահպանելու գազի արտոնյալ գնագոյացումը։ «Գազպրոմ Արմենիան» ապահովում է կապույտ վառելիքի երկրի պահանջարկի 80%-ը։ Հանրապետության տնտեսությունում «Գազպրոմի» գծով ներդրումների ծավալը գերազանցում է 800 մլն դոլարը», – ասել է Գոնչարը։

Անդրադառնալով Հայկական ատոմակայանի հարցին, նա նշել է, որ «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի գծով աջակցություն է ցուցաբերվում՝ հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը։

«Հաջողությամբ ավարտվել է ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումը, թույլտվություն է ստացվել շահագործելու կայանը մինչև 2026 թ-ը», – ասել է նա։

Դենիս Գոնչարը նշել է, նաև, որ Փաշինյանի այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ մի շարք ռուսական ընկերություններ մասնակցելու են տրանսպորտի, մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը։

 

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև