Պատժամիջոցների պատճառով կասեցվել է «Բորժոմի» հանքային ջրի արտադրությունը Վրաստանում

«IDS Borjomi Georgia» ընկերությունն այսօրվանից կասեցնում է իր աշխատանքը Վրաստանի Բորժոմի քաղաքի իր երկու գործարաններում, հայտնում է 1tv.ge-ն՝ վկայակոչելով ընկերության տարածած հայտարարությունը։

Որպես ստեղծված իրավիճակի հիմնական պատճառ նշվում են ֆինանսական դժվարությունները, որոնք սկսվել են Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։

«Բարդ իրավիճակը, որը ստեղծվել է ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկաներում, վատթարացել է բանկային հաշիվների սահմանափակ հասանելիության պատճառով, ինչն ընկերության համար փակում էր արտարժութային եկամտի ստացման ու վարկատուներին վճարելու հնարավորությունը», -ասված է հայտարարությունում։

Ընկերությունը հույս ունի, որ մոտ ապագայում իրավիճակը կբարելավվի, և հնարավոր կլինի աշխատանքի վերադառնալ։

Մինչև վերջերս «Բորժոմի» հանքային ջրի միակ արտադրողը «IDS Borjomi Georgia» ընկերությունն էր, որը մտնում է «IDS Borjomi International»-ի կազմի մեջ, իսկ այն պատկանում է ռուսական «Ալֆա գրուպ» կառույցին։

«Բորժոմի» արտադրանքը պատկանում է ռուսաստանցի ձեռնարկատեր, «Ալֆա բանկի» հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանին, որի նկատմամբ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառել Ուկրաինայում սկսված պատերազմի պատճառով։

 

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով