lragir.am: «Տնտեսական հեղափոխություն. հիմնարար ուղենիշերը Հայաստանում» խորագրով գիտաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման հարցին:
«Դուք երևի տեղյակ եք, որ մենք ընդերքի ոլորտում իրական սեփականատերերի հայտնաբերման հետ կապված օրենսդրական փաթեթ ենք ներկայարցրել, որը այս տարվա հուլիսի 1-ից մտնում է ուժի մեջ:
Իհարկե, դա շատ նուրբ ոլորտ է, բայց փորձագետները հավաստիացնում են, որ այս օրենսդրական փաթեթը անխուսափելի է դարձնելու, որ հանքարդյունաբերության ոլորտում մենք իրական սեփականատերերին կարողանանք բացահայտել, հակառակ դեպքում այդ հանքերը չեն կարող շահագործվել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև հանքարդյունաբերական ոլորտի կառուցվածքին, ասաց, որ ոլորտի արտադրանքի արտահանման մոտ 90 տոկոսը խտանյութն է: Սա, ըստ Փաշինյանի, մեծ խնդիր է և նշանակում է, որ մեր պետությունն այս առումով հանքահումքային երկրի կարգավիճակ ունի՝ դրանից բխող հետևանքներով:
«Մեր խնդիրն է այս հանքարդյունաբերության ցիկլը հնարավորինս երկարացնել: Եվ այս կապակցությամբ կառավարությունը քննարկումներ ու բանակցություններ ունի, մի քանի ներդրումային առաջարկներ կան:
Եվ մենք հույս ունենք, որ այդ ներդրումային առաջարկներից գոնե մեկը իրականություն կդառնա: Մենք համենայնդեպս դրա համար կանենք ամեն ինչ»,- հավելեց Փաշինյանը: