Խորհրդարանը մի շարք օրինագծեր ընդունեց

Այսօր Ազգային ժողովը ընդունեց նախկինում քննարկված մի շարք նախագծեր։

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը։
Ազգային ժողովը 2020թ.  ընդունել էր ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
Նախագծերի փաթեթի կարևոր  փոփոխություններից է եղել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին փոխանցելը։
Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը երեկ՝ նախագծի քննարկման ընթացքում հայտնեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրված լիազորությունների իրավակարգավորումների՝ գործնականում հստակեցման անհրաժեշտություն են առաջացրել:

«Նախագծով առաջարկվում է պարզեցնել աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները հանձնաժողովին տրամադրելու ընթացակարգը` հանձնաժողովին վերապահելով աուդիտի կազմակերպման, ինչպես նաեւ կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը եւ դրանց ներկայացման ձեւաթղթի սահմանման լիազորությունը»,- ասաց նա։

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը,  նպատակն է կարգավորել լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման կարգը, որպեսզի պայմաններ ստեղծվեն՝ ճանաչելու համար քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը:

Նախագծով սահմանվում է, որ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը եւ ճանաչումը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից անձի կարողությունների եւ որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը հավաստելու գործընթաց է:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների կատարելու նախագիծը, որի հիմնական  նպատակն է որոշ եզրույթներ նույնականացնել ՀՀ քրեական նոր օրենսգրքի եզրույթների հետ, ինչպես նաեւ ավելացնել նոր դրույթներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև