Գործադիրը հավանություն տվեց 2022 թվականի մարտի 15-ին և մարտի 18-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2022թ. մարտի 15-ին և մարտի 18-ին ստորագրվել է «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ 26 500 000 եվրո գումարի չափով:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նախարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել և իրականացնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագիրը։
Ծրագրի նպատակն, ըստ նախագծի հիմնավորման, քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումների, պետության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման և ընտրված էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով պետական կառավարման համակարգի արդիականացմանն աջակցելն է։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ՊՀԱԾ 4-ի շրջանակներում ներառված գործողությունները հնարավորություն կտան․
- աջակցել քաղաքացիական ծառայության արդիականացմանը՝ ավագ գործադիր կորպուսի/ծառայության ներդրմամբ,
- ընդլայնել պետության կողմից մատուցվող թվային ծառայությունները՝ դրանց թիվը հասցնելով 350-400-ի,
- արդիականացնել հարկային վարչարարության համակարգերը՝ ապահովելով բջջային հավելվածում հարկային ծառայությունների իրականացումը,
- ներդնել կիբեռանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմները,
- հիմնել պետական տվյալների կառավարման միասնական կենտրոն (G-Cloud ամպային հիբրիդային մոդելի շրջանակում) և այլն։
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2022թ. մարտի 15-ին և մարտի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ: