ՌԴ-ում ԵՄ դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Լիտվայի կողմից Կալինինգրադ ապրանքների տարանցման արգելքի պատճառով |factor.am|

factor.am: Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ կապված Լիտվայի կողմից իր տարածքով բեռների մի մասը Կալինինգրադի մարզ տեղափոխելու արգելքի հետ։ Այս մասին հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել է Կալինինգրադի նահանգապետ Անտոն Ալիխանովը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Որքանով ես գիտեմ՝ երեքշաբթի Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերին կանչել են ԱԳ նախարարություն, նրան համապատասխան պայմաններ կառաջադրվեն»,- ասել է Ալիխանովը։

Հունիսի 18-ից Վիլնյուսը, համաձայն Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցների, արգելել է Լիտվայի տարածքով բեռների տարանցումը Կալինինգրադի մարզ և հակառակ ուղղությամբ։ Արգելքը վերաբերում է մայրցամաքային Ռուսաստանի և Կալինինգրադի միջև փոխադրվող բեռների մինչև 50%-ին, ներառյալ՝ շինանյութը, բետոնը և մետաղները: Ալիխանովի խոսքով՝ Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի շրջափակման հետ կապված։

«Եկեք նայենք քարտեզին: Անկեղծ ասած՝ առանց ռուսական տարանցման մերձբալթյան նավահանգիստները պարզապես կվերանան, կարող են լինել հսկայական թվով պատասխան միջոցներ»,- ասել է Կալինինգրադի նահանգապետը։

Վիլնյուսի պաշտոնյաները, վարժ լինելով Ռուսաստանից հնչող սպառնալիքներին, Մոսկվայի նախազգուշացումները հիմնականում որպես բամբասանք են ընդունել, իրավիճակը մեկնաբանել է New York Times-ը:

«Մեզ առանձնապես չեն անհանգստացնում ռուսական սպառնալիքները։ Կրեմլն արձագանքելու շատ քիչ տարբերակներ ունի»,- ասել է Լիտվայի խորհրդարանի Ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Լաուրինաս Կասչյունասը: Ռուսաստանի ռազմական պատասխանը, նրա կարծիքով, չափազանց քիչ հավանական է, քանի որ Լիտվան ՆԱՏՕ-ի անդամ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն