Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող նշել ԱՄՆ երկու քաղաքացիների գտնվելու վայրը, որոնք գերեվարվել են Դոնբասի ռազմական գործողությունների գոտում, քանի որ այդպիսի տեղեկություններ չունի։ Նա հավելել է նաև, որ ամերիկացիներին կարող են մահապատժի դատապարտել, գրում է «Ինտերֆաքսը»։
«Խոսքը վարձկանների մասին է, որոնք սպառնացել են մեր ռուսաստանցի զինծառայողների կյանքին։ Եվ ոչ միայն մեր, այլև ԴԺՀ և ԼԺՀ զինծառայողների։ Հետևաբար, նրանք մեղադրվում են դրա համար՝ վարձկանության», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ «նրանց վրա ոչ մի կերպ չի կարող և չի տարածվում Ժնևի կոնվենցիան»։
Այն հարցին, թե արդյո՞ք այդ երկու ամերիկացիներին մահապատիժ է սպառնում, ՌԴ նախագահի մամուլի խոսնակը պատասխանել է․ «Այո, մենք ոչինչ չենք կարող բացառել, քանի որ դա դատարանի որոշումն է, և երբեք դա չենք մեկնաբանում, առավել ևս իրավունք չունենք միջամտելու դատարանի որոշմանը»։
Ավելի վաղ ինքնահռչակ ԴԺՀ ուժային կառույցներում «Ինտերֆաքսի» աղբյուրը հայտնել էր, որ Դոնբասում գերեվարված ամերիկացիները Դոնեցկի մեկուսարանում են։
Նորա Վանյան