Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուանդայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Վինսենտ Բիրուտային և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-Ռուանդա համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում և ակնկալիք հայտնել, որ այն կխթանի նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը: Նիկոլ Փաշինյանը ջերմությամբ է հիշել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ շփումները՝ վերջինիս Հայաստան այցի, ինչպես նաև Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում և վերահաստատել գործընկերությունը խորացելու պատրաստակամությունը:
Վինսենտ Բիրուտան շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Ռուանդայի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա արդյունավետ է գնահատել ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ քննարկումները և նշել, որ Ռուանդան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՖՄԿ շրջանակում փոխգործակցության օրակարգի շուրջ, անդրադարձել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին: Այս առումով հետաքրքրական է համարվել զբոսաշրջության ոլորտը:
Վարչապետը խնդրել է իր ողջույնները փոխանցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին:
Ռուանդայի արտաքին գործերի նախարար Վինսենտ Բիրուտայի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Վինսենտ Բիրուտան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Ռուանդայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Վինսենտ Բիրուտան գրառում է կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր, այնուհետև նրան ուղեկցել է ՀՑԹԻ գիտաժողովների սրահ, որտեղ ընթանում էր ամերիկացի ուսուցիչների համար մշակված վերապատրաստման ծրագիրը:
Ռուանդայի ԱԳ նախարարը կարճ խոսքով դիմել է ներկա ուսուցիչներին և, որպես ցեղասպանության սարսափներով անցած երկրի ներկայացուցիչ, կարևորելով նման ծրագրերի անցկացումը՝ հույս է հայտնել, որ կրթության միջոցով հնարավոր կլինի կանխել ցեղասպանությունների կրկնությունը:
Այցի ավարտին հյուրերը շրջել են Հիշողության պուրակում, որտեղ Վինսենտ Բիրուտան ջրել է 2018 թվականին Ռուանդայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի տնկած արծաթափայլ եղևնին:

