Կառավարության անդամները յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է գաղափարախոսի դերակատարում ունենա. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող հարկային ու մաքսային արտոնությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են կառավարությունից:

Մինչ քննարկում սկսելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լյուքսեմբուրգ, Բրյուսել և Չինաստան կատարած իր աշխատանքային այցերին՝ նշելով, որ ընդհանուր առմամբ հաջող է գնահատում այդ այցերը, և առաջիկայում խորհրդակցություններ կանցկացվեն՝ կոնկրետ ուղղություններով կոնկրետ պայմանավորվածությունների հետ կապված հարցերը քննարկելու համար:

Այնուհետև քննարկվել են խորհրդակցության օրակարգում ընդգրկված հարցերը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումների, շրջանառու միջոցների և հումքի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն ստացած, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի մինչև 3 տարի ժամկետով տարաժամկետում ստացած ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ:

Քննարկվել են մաքսատուրքից ազատման և ԱԱՀ տարաժամկետման արտոնություններ ստանալու կարգերում հնարավոր փոփոխությունները, որոնք ուղղված կլինեն ընկերությունների հաշվետվողականության և արտոնությունների հասցեականության բարձրացմանը: Արծարծվել են, մասնավորապես, արտոնությունների տրամադրման գործընթացների պարզեցմանը, ծրագրերի ընթացքի հրապարակայնության բարձրացմանը, մոնիթորինգի համակարգի բարելավմանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարևորել է նշված արտոնությունների գծով կառավարության անհատական որոշումներից անցումը ընդհանուր կարգավորման և հանձնարարել պատասխանատուներին՝ երկամսյա ժամկետում ներկայացնել կանոնակարգող փաստաթղթերի լրամշակված նախագծերի փաթեթ:

Հաջորդիվ զեկուցվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: 

Վարչապետը, կարևորելով գյուղի և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի պատշաճ իրականացումը, միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարել ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հետ խորհրդատվական և իրազեկման աշխատանքների շարունակական իրականացումը:

«Կառավարության անդամները, նախարարությունները, փոխնախարարները, յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է գաղափարախոսի դերակատարում ունենա: Սա ամենակարևորն է: Այսինքն՝ ինքն անընդհատ պետք է մարդկանց հետ խոսի և բացատրի՝ մենք ինչ ենք անում, ինչ պետք է անենք, ինքն ինչ պետք է անի: Մինչև ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման խնդրին, և կարևորելով այդ ցիկլի անխափան ապահովումը, հանձնարարականներ տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն