Հադրութցիները նորից բողոքի ակցիայի էին դուրս եկել Երևանում |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի կարգավիճակ, փախստականի կարգավիճակ, բնակարանների հարց և սոցիալական հարցեր. այս 4 պահանջը արդեն գրեթե 2 տարի շարունակ հադրութցիները ներկայացնում են Հայաստանի և Արցախի իշխանություններին։

Պատերազմից հետո տնից, աշխատանքից, ամեն ինչից զրկված մարդիկ այսօր նորից Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի էին դուրս եկել. ասում են՝ ո՞րն էր իրենց մեղքը, որ պատերազմի հետևանքով Հադրութն ընկավ, ո՞ւր պետք է գնան, ո՞ւմ պետք է դիմեն, որ ի վերջո ստանան մի պարզ հարցի պատասխան՝ ինչպե՞ս ապրել։

«Մեր Հադրութը հետ տան՝ սաղով հելնում ենք գնում ենք մեր տները: Փլված ա, ջարդած ա, ինչ ա՝ մեր պադվալներում, մեր, չգիտեմ, հավի բներում էլ կմնանք՝ մերը մեզի տան: Չե՞ն տալի՝ թող մեզի ստեղ տուն տան», – «Ազատության» հետ զրույցում ասաց հադրութցի Էսմիրա Ավանեսյանը:

Ավանեսյանը մեծ ընտանիքով՝ 5 անչափահաս երեխաների հետ, վարձով ապրում է Աբովյան քաղաքում։ 90 հազար դրամ միայն տան վարձն է, թոշակով ու օրվա աշխատանքից ստացած գումարով էլ փորձում են ապրել։

«Էրկու տարի ա՝ մենք էդ հարցը դրած ենք, էդ հարցը պահանջում ենք, բայց մեզի ոչ մեկը ո՛չ լսում ա, ո՛չ բան, այ սհենց գնում-գալիս ենք, խոսում ենք: Հադրութեցոց բանը էն ա, որ շատ կուլտուրնի ժողովուրդ ենք մենք, դրա համար սհենց ա», – նշեց Էսմիրա Ավանեսյանը:

«Իրենց համար նստած՝ իրենց համար են մտածում, ոչ մի բան էլ չեն մտածում ժողովրդի համար, ոչ մի բան: Էդքան ժողովուրդը ոնց կապրեն, ոնց չեն ապրի… Սկի ժողովրդի տեղն էլ չգիտեն», – ասաց Արմեն Հովսեփյանը:

Արցախում ոստիկան աշխատող Հովսեփյանն ասում է՝ հիմա այդ գործից էլ է զրկվել: Չորս անգամ արդեն վարձով տուն է փոխում, գործ չի կարողանում գտնել, որ ժամանակին վարձը տա. – «Հիմա մեզ հանել են ոստիկանությունում, ասում ա տեղ չկա, ամեն ձևի խաբեցին մեզի, հանեցին: Երկու տարի ա մնացել, որ անցնեմ թոշակի, մեզ խաբեցին, հանեցին, վսյո: «Էսօր, էգուց կվերցնենք», չվերցրեցին: Մինչև հիմա համ ընդեղ են խաբում, համ ստեղ՝ էս իշխանությունն է մեզ խաբում»:

Մեկ այլ հադրութցի՝ Վլադիկ Ավանեսյանն էլ ապրում է Քանաքեռի գիշերօթիկում՝ ընտանիքի հետ։ Մեկ անգամ արդեն ասել են՝ «այստեղ երկար մնալ չեք կարող, ի վերջո պետական կառույց է, դպրոց է»։ Միայն Աշխատանքի և սոցիալական նախարարության միջամտությունից հետո մի փոքր էլ են ժամանակը շահել. – «Հլա մնացեք», – ասում են»:

«Ազատության» հետ զրույցում շատերն էին ասում՝ պատրաստ են մեկնել Արցախ, բայց այնտեղ էլ չեն կարողանում նախ տուն գտնել, մեկ այլ մտահոգություն էլ ունեն՝ արդեն իսկ մեկ անգամ իրենց բնակավայրերից զրկված հադրութցիներին անվտանգության հետ կապված հարցերն են անհանգստացնում.

«Դե եթե Արցախը Ադրբեջանի կազմում չմնա, կվերադառնանք… »:

«Գնացեք Արցախ», Արցախ ես գնամ ո՞րտեղ ապրեմ, կարա՞ս ինձի ասես, Արցախում տուն կա՞…»:

Կառավարությունից երթով շարժվեցին դեպի ԱԳՆ։ Այստեղ նրանց թեև ընդունեցին, այդուհանդերձ, ինչպես ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայիրյանը, խոստացան ընդամենը մի օր էլ հանդիպում կազմակերպել նախարարի հետ։

«Դե էնպես չի, որ հուսավառեց, որովհետև էդպիսի զրույցներ ամեն տեղ ունենում ենք, սպասում ենք, էլի: Բայց դե էնպես էլ չի, որ առանց դրա հնարավոր է: Հիմա մենք ամեն տեղ հանդիպում ենք, հանդիպում ենք, ամեն տեղ մեր բառը ասում ենք, պահանջում ենք, տեսնենք», – «Ազատությանը» ասաց Հայիրյանը:

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն