hetq.am: Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել կենսաթոշակային ոլորտում առկա թե՛ գործնական, թե՛ օրենսդրական խնդիրներ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը՝ հավելելով, որ արդյունքում մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա վեր են հանվել ոլորտում առկա համակարգային խնդիրներ:
Մասնավորապես, տարեկան հաղորդման մեջ նշվում է՝
առկա չէ ՀՀ կենսաթոշակառուի կենսաթոշակային գործը Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ուղարկելու՝ այնտեղ կենսաթոշակ նշանակելու համար, այնուհետև կրկին հետ վերադարձնելու դեպքում նախկին չափով և պայմաններով կենսաթոշակ ստանալու հնարավորություն:
առկա չէ մի շարք երկրների հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում համապատասխան համաձայնագիր, որով կենսաթոշակի անցնելիս կհաշվարկվեր այդ պետություններում աշխատած ժամանակահատվածը:
առկա չէ աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետ մեխանիզմ, որը հնարավորություն կտա ապացուցման բեռը բաշխել կենսաթոշակային մարմնի վրա հավասարապես:
կենսաթոշակ նշանակելիս բավարար չէ իրականացվող պատշաճ վարչարարությունը, համապատասխան վերաբերմունքը և խորհրդատվությունը, ինչն ուղղակիորեն ազդում է կենսաթոշակի իրավունքի իրացման վրա:
Ուսումնասիրելով արձանագրված խնդիրները՝ Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդման մեջ ներկայացրել է նաև լուծման առաջարկներ։
Մասնավորապես,
Անհրաժեշտ է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ կարգավորումներ նախատեսելով առ այն, որ կենսաթոշակային գործը Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ուղարկելու, այնուհետև հետ վերադարձնելու դեպքում անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվի նախկին չափով և պայմաններով:
Անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի Հանրապետության հետ համապատասխան համաձայնագիր ունեցող երկրների շրջանակը:
Որպես առաջնային քայլ անհրաժեշտ է վերացնել 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն աշխատանքային գործունեությունը հաստատելու համար աշխատանքային գրքույկից բացի սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պահանջը այն կենսաթոշակառուների համար, ովքեր նշված ժամանակահատվածում աշխատել են պետական հաստատություններում:
Անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքով իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում և ուժեղացնել վերահսկողությունը սոցիալական ապահովության տարածքային բաժինների աշխատակիցների նկատմամբ: