armenpress.am: Շրի Լանկայի ոստիկանության աշխատակիցները ստուգարշավի ընթացքում պայթուցիկ սարքերի համար նախատեսված մոտավորապես 200 դետոնատորների պահեստ են հայտնաբերել երկրի կենտրոնական մասի Նուվարա Էլիա քաղաքում: Այդ մասին ապրիլի 25-ին հայտնել Է հանրապետության իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարան: Ոստիկանի ասելով, որի խոսքը մեջբերել Է Daily Mirror թերթը, բացի դրանից, մայրաքաղաքի շրջանում իրավապահները երեք մարդու են բերման ենթարկել 21 նռնակ պահելու համար: Նրանց մոտ նաեւ հայտնաբերվել են վեց միավոր սառը զենք եւ փոքր հզորության ինքնաշեն պայթուցիկ սարք:
Իր հերթին, ինչպես տեղեկացնում Է Ada Derana տեղական ինտերնետ-հրատարակությունը, երկրի տարբեր շրջաններում հակաահաբեկչական գործողությունները մինչ այժմ շարունակվում են:
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ. առաջին վեցը որոտացել են երկրի երեք տաճարներում եւ երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արեւմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի արվարձանի բնակելի համալիրում: Ահաբեկչական գործողություններում գործի են դրվել ինը մահապարտ-ահաբեկիչներ, որոնցից ութի ինքնությունն արդեն պարզված Է: Նրանք Շրի Լանկայի քաղաքացիներ են:
Վերջին տվյալների համաձայն, պայթյունների հետեւանքով զոհվել Է 359 մարդ, տուժել Է ավելի քան 500 հոգի: Պայթյունների հետաքննության ընթացքում ձերբակալված կասկածյալների թիվը հասել Է 76-ի: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, թեեւ խմբավորումը կղզում կատարված գրոհներին իր մեղսակցության ապացույցներ չի ներկայացրել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: