hetq.am: Մոսկվայում մահացած է հայտնաբերվել ռուսական «Лукойл» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովը։ BBC-ի փոխանցմամբ՝ նա ընկել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից։
Մագանովի մահվան մասին հինգշաբթի առավոտյան հայտնել էին ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ «Այսօր առավոտյան Մագանովն ընկել է ԿԿՀ-ի հիվանդասենյակի պատուհանից։ Ստացած վնասվածքներից նա մահացել է»,- հայտնել է Интерфакс գործակալության աղբյուրը։ Коммерсант-ն էլ գրում է, որ թոփ-մենեջերը, ենթադրաբար, ընկել է շենքի վեցերորդ հարկի պատուհանից։ Թերթի տվյալներով՝ հիվանդանոցում նա գտնվում էր սիրտ-անոթային ծանր հիվանդության պատճառով։
Ավելի ուշ, նրա մահը պաշտոնապես հաստատեցին հիվանդանոցի վարչակազմը և ՌԴ Քննչական կոմիտեն, ընդ որում, ՔԿ-ից Коммерсант-ին հայտնել էին, որ խոսքը կարող է գնալ նաև ինքնասպանության մասին։ Դեռևս ընթանում է նախաքննություն, քրեական գործի հարուցման մասին հայտնի չէ։
«Лукойл»-ում հայտնել են, որ Ռավիլ Մագանովը «կյանքից հեռացել է ծանր հիվանդությունից հետո»։
67-ամյա Մագանովը 1993 թվականից աշխատում էր «Лукойл»-ում։ 1994 թվականին նա նշանակվել էր ընկերության առաջին փոխնախագահ՝ համակարգելով հետախուզության և արդյունահանման հետ կապված հարցերը։ 2020 թվականին նա դարձել էր նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահն այն բանից հետո, երբ մահացավ Վալերի Գրայֆերը։ Մագանովի եղբայրը՝ Նայիլ Մագանովը «Татнефть»-ի գլխավոր տնօրենն է։
Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո «Лукойл»-ը հայտնվել էր Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ։ Պատժամիջոցների ցանկում, մասնավորապես, ընկել էր ընկերության նախագահ Վագիտ Ալեկպերովը, որից հետո նա լքել էր իր պաշտոնը։ Ընկերությունից հեռացել էր նաև փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը, որն ընկերության հիմնական կերպարներից մեկն էր։
Մարտի սկզբին «Лукойл»-ի տնօրենների խորհուրդը դեմ էր արտահայտվել պատերազմին։ Ընկերության կայքում հրապարակվել էր հայտարարություն, որը կոչ էր անում դադարեցնել Ուկրաինայում պատերազմական գործողությունների վարումը։ Այնտեղ նշվում էր, որ «ընկերությունը իր մտահոգությունն է հայտնում Ուկրաինայում շարունակվող ողբերգական իրադարձությունների կապակցությամբ և խորապես ցավակցում բոլոր նրանց, ում անդրադարձել է այդ ողբերգությունը»։
Այս տարի Մերձմոսկվայում հայտնաբերվել էր «Лукойл»-ի մեկ այլ նախկին թոփ-մենեջերի Ալեքսանդր Սուբոտինի մարմինը։ Լրատվամիջոցները գրել էին, որ մահվանից առաջ նա անցել էր «շամանյան ծես»՝ գտնվելով ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ։