ԵՄ խորհուրդն Ուկրաինային կհատկացնի 5 միլիարդ եվրո |hetq.am|

hetq.am: Եվրամիության խորհուրդը համաձայնեցրել է Ուկրաինային տրամադրել 5 միլիարդ եվրոյի օգնություն։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։ Նա հայտարարել է, որ Տնտեսական և ֆինանսական հարցերով խորհրդի սեպտեմբերի 9-ի հանդիպմանը որոշվել է շարունակել Ուկրաինային աջակցությունը։

«Նախարարները հաստատել են 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնությունն Ուկրաինային։ Ուկրաինան ֆինանսական բազային ծառայությունների համար ունի միջոցների մշտական հոսքի կարիք։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ այդ երկրի բյուջեի դեֆիցիտն այս տարի կկազմի 39 միլիարդ եվրո»,- ասել է Դոմբրովսկիսը։ 

Վերջինս նաև նշել է, որ այս տարվա սկզբից ի վեր Եվրամիությունն օգնության կարգով Ուկրաինա է ուղարկել 9,5 միլիարդ եվրո։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 349 միլիարդ դոլար։ 

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Ուկրաինային և նրա հարևաններին կտրամարդի 2,8 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով ռազմական օգնության փաթեթ։ 2,2 միլիարդ դոլարը կհատկացվի երկարաժամկետ ներդրումների տեսքով՝ «օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում Ուկրաինայի և նրա 18 հարևանների անվտանգության ամրապնդման համար»:

Բացի այդ, ԱՄՆ ևս 675 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Նոր փաթեթը ներառում է լրացուցիչ սպառազինություն, զինամթերք և սարքավորումներ ԱՄՆ պաշտպանության նախարարության պահուստներից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն