«Փեթակ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց |news.am|

news.am: «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց, նրանք պահանջում են  երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը, քանի որ  փողոցի միակողմանի փակ լինելուց տուժում է իրենց առեւտուրը:

«Ուզում ենք ճանապարհը լիովին մաքրվի, շինարարական աղբ կա, որտեղ հազար տեսակի բան է այրվում, հակասանիտարական վիճակ է: «Փեթակ» տոնավաճառն այնպիսին է դարձել, որ ոչ ոք տոնավաճառ չի մտնում: Այսինքն բոլոր անհատ ձեռներեցները, աշխատակիցները անգործության են մատնվում»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ իրենց գործադուլը շարունակվում է արդեն 3-րդ օրը:

«Խնդրում ենք կառավարությանը, որ այս հարցին լուծում տա: Ուզում ենք 2 հոգով բարձրանանք, բացատրենք իրավիճակը: Եկել ենք կառավարությանն ասենք՝ ինչո՞ւմն է հարցը: Հանդիպում ենք պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ, որ ճիշտը ներկայացնենք:

Ամսից ավելի է, որ մեծ բետոնի կտորները թափել են փողոցի մեջտեղն ու գնացել են: Յանդեքսով ցույց է տալիս, որ Քրիստափորի փողոցը փակ է մինչեւ դեկտեմբերի 31-ը: Եթե այդքան փակ է լինելու, մենք այնտեղ անելու բան չունենք»,-ասաց «Փեթակի» առևտրականներից մեկը:

Մեկ ուրիշն էլ հարցադրում արեց, թե «եթե Սուրմալուի այդ շենքը պետք է քանդվի, ինչո՞ւ չեն քանդում: Եթե իսկապես կա վտանգ, ապա հարակից տարածքներն էլ չպետք է աշխատեն: Եթե փլուզման վտանգ կա, ինչու են թողել, որ «Տաշիրն» աշխատում է»:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներից երկուսը մտան ներս, դուրս գալուց հետո տեղեկացրին, որ գրավոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են իրենց պահանջը՝ բացել Քրիստափորի փողոցը. «Մեզ ասացին՝ կարձագանքենք: Մեզ թվում է՝ այսօր կարձագանքեն: Գործադուլը չենք դադարեցնում, հիմա գնում ենք «Փեթակ»,-ասացին նրանք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև