«Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել   ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները՝ հրետանային միջոցներով, խոշոր տրամաչափի զինատեսակներով լայնածավալ հարձակման են անցել Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ: Թշնամին կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Թիրախավորվել են բնակավայրեր և ռազմական օբեկտներ:

Սա Ադրբեջանի հերթական ռազմական հանցագործությունն է, որին նախորդել էին տեղեկատվական դիվերսիոն գործողություններ։

Ադրբեջանի գործողությունները գնահատում ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և դատապարտում ենք իրականացվող հանցագործությունը:

Ադրբեջանը, օգտվելով միջազգային լարված իրավիճակից, փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: 

Տեղի ունեցող իրադարձությունները բացահայտում են, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի իրական դեմքը և հայ ժողովրդին մատուցվող կեղծ օրակարգի վտանգավորությունը:

Ակնկալում ենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունից՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված համանախագահող պետություններին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու և դրանց համարժեք գնահատական տալու համար:

Ակնկալում ենք նաև մեր բարեկամ երկրների, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը՝ ադրբեջանական հանցավոր վարքագծին գնահատական տալու և Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար:

Զորակցելով Հայաստանի զինված ուժերին՝ մեր ժողովրդին կոչ ենք անում խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը, պատրաստ լինել պաշտպանելու Հայոց պետականությունը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն