Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրին, բայց առանց երաշխիքների դա ուղղակի թուղթ է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ այսօր հայտարարեց, որ Ադրբեջանի բանակցային մարտավարությունը եղել է հետեւյալը․ տվեք ինձ այն, ինչ ուզում եմ ստանալ պատերազմով, այլապես ես այն կստանամ պատերազմով։ Սա, ըստ Փաշինյանի, բանաձեւ է, բայց խաղաղության բանաձեւ չէ, այնինչ ՀՀ-ն խաղաղության բանաձեւին պատրաստ է եւ պատրաստ է եղել միշտ։

Պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվել էր վարչապետից՝ երբ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե իբր ՀՀ-ն է գնացել սադրանքների եւ հող նախապատրաստել այսօրվա համար, ունե՞ն գոնե կեղծված որեւէ փաստ կամ արդյո՞ք միջազգային գործընկերները նման պահանջ դնում են Ադրբեջանի առջեւ, եւ արդյո՞ք սա չի ենթադրում, որ Ադրբեջանը, տեսնելով, որ մենք չենք գնում իր համար ընդունելի ճանապարհով, ցանկացած պահի կարող է հող նախապատրաստել եւ լայնածավալ նման օպերացիա սկսել։

Ի պատասխան պատգամավորի հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը նախ խոսեց պետականություն ունենալու եւ այն պաշտպանելու կամքի մասին․ «Հիշատակելով մեր ընկած եղբայրներին՝ ես ասացի, որ պետությունը հիմնվում է նման մարդկանց վրա, եւ այն բանի վրա, որ բնականաբար, բացի սգից, բացի ցավից, բացի կսկիծից, բացի վշտից երկրում էլ քանի՞ մարդ կա, որ պատրաստ է կանգնել իր պետականության, ինքնիշխանության, անկախության դիրքերում»,- ասաց նա՝ կարեւորելով, որ ընկած զինվորները եւ սպաները մեր վրա պարտականություն չեն դնում, որ մենք միայն սգանք նրանց մահը կամ խաչքարեր կառուցենք նրանց համար, նրանք մեզ վրա դնում են ուրիշ պարտավորություն, որ մենք ամրացնենք պետություն, ինքնիշխանություն ունենալու մեր կամքը․ «Զինվորի կյանքը պահպանել նշանակում է ունենալ այնպիսի պետություն, որն ի վիճակի է դա անել, ունենալ պետության ինստիտուցիոնալ այնպիսի կայացվածություն, ունենալ պետություն ու ինքնիշխանություն ունենալու այնպիսի կամք, որ ամեն զինվորի ընկնելուց այդ կամքը կրկնապատվի, եռապատկվի, քառապատկվի։ Մենք խոսում ենք տեսական զինվորների, տեսական ծնողների, տեսական ընտանիքների մասին։ Մի զինվոր էլ մենք ենք, մենք երկուսով։ Եկեք վերանանք տեսական ամեն ինչից, մենք երկուսով ինչի՞ մասին պիտի մտածենք, պիտի մտածենք՝ ինչ անենք, որ մեր կյանքը որեւէ վտանգի չենթարկվի՞ թե՞ մտածենք՝ ինչ անենք, որ ունենանք հնարավորինս ուժեղ, ամուր պետություն եւ բանակ»,- ասաց նա՝ հավելելով, որ մենք մեր ընտանիքի անդամներին պիտի ասենք, որ եթե հանուն հայրենիքի մեզ հետ բան պատահի, սուգը՝ սուգ, բայց դուք ոչ թե ողբացեք, այլ հպարտացեք մեզնով, ոչ թե ատելությայմբ լցվեք նրանց հանդեպ, որոնք ապրում են, այլ ընդհակառակը, դա դիտարկեք որպես մեր զոհողության նպատակ։

Փաշինյանի կարծիքով՝ միշտ չէ, որ զիջումը, ճկունությունը բերում են, խաղաղության, միշտ չէ, որ այն ամենը, որն առաջարկվում է ստորագրել, նշանակում է խաղաղություն․ «Եվ ես իմ խոսքում հենց դա էի ասում․ լավ, ենթադրենք, տարածքային ամբողջականությունը, ասենք, ճանաչում ենք, Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականությունը ճանաչում է, Սոթք-Խոզնավար հատվածի օկուպացված մասը ո՞ւմ կազմում է ճանաչում, ո՞ւմ տարածքային ամբողջականության մեջ։ Ասում ենք՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, անցնում ենք դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացի, որը տրամաբանական է։ Ենթադրենք՝ նույնիսկ այդ պայմաններով խաղաղության պայմանագիրը ստորագրված է։ Ո՞վ է այն երաշխավորը, որ այս նույն բանը տեղի չի ունենա։ Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրին, եւ ես ասել եմ՝ պատրաստ եմ այդ պատասխանատվությունը ստանձնել, բայց դա առանց երաշխիքների ուղղակի թուղթ է»։

Անդրադառնալով պատգամավորի հարցի՝ ապացույցներ ունենալ-չունենալու հատվածին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն դեռ անցյալ տարի նման իրավիճակների համար է հենց առաջարկել զորքերի հայելային հետքաշում իրականացնել․ «Մեր հրապարակային այդ խոսույթը ամենամեծ ապացույցն է, թե ով ինչ սադրանքների է գնում։ Նախ, Ադրբեջանը այս ընթացքում երբեք չի բացառել, պատերազմից առաջ էլ չէր բացառում եւ նախկինում էլ չի բացառել, ընդհակառակը ասել է, որ ես այս ճանապարհով գնալու եմ, լուծելու եմ այդ խնդիրը։ Թե ինչքանով է մեր ընդհանուր քաղաքականությունը, հանրային եւ պետական կամքը եւ ընկալումը ադեկվատ այդ իրավիճակին, այ դա է հարցը, եւ ինչքանով ենք մենք այդ իրավիճակը գիտակցել։ Ավելի կոնկրետություն մտցնելու համար է, որ առաջարկում ենք միջազգային ատյաններում այդ հարցը մտցվի եւ քննարկվի։ Եվ սա է պատճառը, որ արդեն մեկ տարուց ավելի առաջարկում էինք, որ ՀԱՊԿ մոնիթորինգային միսիա ուղարկվի Հայաստան-Ադրբեջան սահման, որպեսզի կարողանանք այս հարցերի պատասխանները տալ»։

Վերահաստատելով խաղաղությանը պատրաստ լինելու ՀՀ կամքը՝ վարչապետն ասաց, որ այդ խաղաղության տակ պետք է բանաձեւ լինի, որը կապահովի մեր տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ բարեկեցությունը․ «Ի միջի այլոց, աշխարհը քիչ չունի նման փաստեր, երբ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո շատ արագ սկսվել է պատերազմ, մարդկությանը ամենահայտնի օրինակը Ռիբենտրով-Մոլոտով խաղաղության պայմանագիրն է, որը ստորագրելուց հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Մենք խաղաղության նման պայմանագիր ոչ թե չենք ուզում, այլ դա ուղղակի խաղաղության պայմանագիր չէ, դա պայմանագիր է այլ բանի մասին»,- ասաց նա՝ նշելով, որ  եթե այն ժամանակ այդ պայմանագիրը չստորագրվեր, եւ պատերազմ լիներ, շատերը կարող էին առաջ բերելայն վարկածը, որ եթե ստորագրվեր, պատերազմ չէր լինի․ «Բայց մենք, կներեք, պայմանավորվել ենք Բրյուսելում, որ մեկամսյա ընթացքում սկսում ենք խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքները, եւ դա կարծես երկուստեք համաձայնության է արժանացել։ Սկսել ենք սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքները եւ այն։ Այսինքն՝ այնպես չէ, որ քաղաքական կամ բանակցային պրոցես չկա, կամ այդ պրոցեսը մտել է փակուղի, բայց ես ուզում եմ նաեւ հիշեցնել, որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում, եթե ոչ ամենօրյա ռեժիմով, հրադադարի ռեժիմի խախտումներ միշտ էլ եղել են, եւ դա պրոցեսի մաս է այն առումով, որ կողմերից մեկը ցուցադրում է իր կամքը հարցի ուժային լուծման գնալու համար»։

Փաշինյանը նաեւ նշեց, որ ուզում է մի փաստի վրա ուշադրություն հրավիրել, որը, ենթադրում է, հերթական մեծ սկանդալի առիթ է դառնալու․ «2020 թ պատերազմից հետո ե՛ւ ուղիղ, ե՛ւ անմիջական հազարավոր հարցեր են տվել ինձ, թե ինչ ես արել պատերազմը կանգնելու համար, բայց ոչ մեկը չի հարցրել՝ իսկ ի՞նչ ես արել պատերազմը հաղթելու համար, սպասում է եղել անընդհատ, լավ, մեկը կասի՝ դու վարչապետ ես, երկրի ղեկավար ես, ուր գնում ես՝ բա Շուշին կտայիր թե չտպիտի տայիր, Շուշին հայկական էր մնալու թե չէ, բոլորը հարցրել են, թե ինչ ես արել պատերազմը օր առաջ կանգնեցնելու համար՝ իմանալով պատերազմը կանգնեցնելու գինը, քաղաքական գինը, բայց ոչ մի հարց ոչ մի ֆորմատով չի հնչել՝ բա որեւէ բան արե՞լ ես, որ պատերազմում ՊԲ-ն հաղթի»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ այդ հարցը չի էլ հնչելու։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև