Հոկտեմբերի 8-ի երեկոյան հավաք է Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում։
Այս մասին հայտնում է Civilnet.am-ը։
Նշվում է, որ քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը և պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը դուրս գա ու պատասխանի իրենց հուզող հարցերին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Աղդամում ընթացող Ազգային քաղաքաշինական առաջին համաժողով ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթում, ի թիվս այլնի, հայտարարել է, թե «Ղարաբաղի հայ բնակչությունը Ադրբեջանի քաղաքացիներն են»։
Իսկ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարության մեջ նշվել է․ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ»։