Այսօր ԵՄ դիտորդական նախնական խումբը ժամանում է Երևան։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ կից հրապարակելով լուսանկար։
«ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել՝ Հայաստանի հարցմանն արձագանքելու համար։ Դիտորդական խմբի տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։