Նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար կսահմանվի վարչական պատասխանատվություն

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն։

Երեկ՝ նախագծի քննարկման ընթացքում Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նաև «նվեր» հասկացության սահմանումը․ «Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում ներված պահանջը,  անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները՝ կանխիկ, անկանխիկ կամ որեւէ այլ ձեւով արտահայտված, կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետեևանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն և որը տրամադրվում է պայմանավորված անձի, այդ թվում՝ փոխկապակցված անձի պաշտոն զբաղեցնելու հանգամանքով»:

Նախագիծն ընդունվեց 66 կողմ, 4 դեմ ձայներով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դարձյալ տեղեկացրեց, որ մի քանի պատգամավորներ ծրարով թողել են իրենց կողմ քվեարկությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն