Ուժեղ Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին այլընտրանք չկա. Արցախի նախագահը՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 28-ին Երևանում ներկա է գտնվել Համաշխարհային հայկական գագաթնաժողովին և հանդես եկել այնտեղ ելույթով: Տեղեկանում ենք ԱՀ նախագահի գրասենյակից։

 

Ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին՝ երկրի ղեկավարը կարևորել է համայն հայության համար նման  ներկայացուցչական միջոցառումների անցկացման նշանակությունը, նշելով, որ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում այն դառնում է կրկնակի պահանջված ու արդիական:

 

«Այսօր հայ ժողովրդի առջև ծառացած են այնպիսի լրջագույն խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց լուծման ու դիմագրավման համար անհրաժեշտ է ողջ համազգային ներուժի ու ջանքերի համատեղում, միավորում մեկ գաղափարի շուրջ: Այդ գաղափարը   հայոց անկախ պետականության ամրապնդումն ու զորացումն է, ինչի առանցքային գրավականը միշտ եղել է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը: Դրա փոքր իսկ թուլացումը կարող է բերել աղետալի հետևանքների: Ուստի, խիստ կարևոր է այս եռամիասնությանը վերաբերվել որպես արժեքների ու շահերի անքակտելի ամբողջականության»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

 

Խոսելով ազգային շահերի պաշտպանության ու համահայկական համախմբման անհրաժեշտության մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ արցախահայությունն, ակնկալելով համազգային անվերապահ աջակցություն բոլորիս Հայրենիքի մի կարևոր հատվածը պահպանելու և զարգացնելու գործում, վճռականորեն շարունակում է իր պայքարը՝ ապրելով Արցախում: «Ուժեղ Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին այլընտրանք չկա: Սա պետք է լինի մեր հստակ ու անկասելի ուղերձն աշխարհին», – իր ելույթում ընդգծել է նախագահ Հարությունյանը:   

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով