armenpress.am: Հայաստանի կառավարությունը վերջին 4 տարի 4 ամսվա ընթացքում 143 հազար նոր աշխատատեղ է ստեղծել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդ ունենք հոկտեմբեր ամսվա տվյալներով: Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի 691 հազար գրանցված և վճարվող աշխատատեղ։ Խոսքն այն աշխատատեղերի մասին է, որտեղ գիտենք, որ կոնկրետ մարդիկ անուն ազգանունով աշխատում են, աշխատավարձ են ստանում և վճարում են եկամտային հարկ։ Եթե այս ցուցանիշը մենք արձանագրենք, պետք է ասենք, որ 2018 թվականի մայիսի համեմատ 2022 թվականի հոկտեմբերին աշխատատեղերի թիվը ավել է 143 հազարով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ՝ աշխատատեղերի թիվը ավել է 108 հազարով»,- ընդգծեց Փաշինյանը։
Խոսելով սոցիալական էֆեկտից՝ նա հիշեցրեց, որ թոշակառուները թոշակները ստանում են անկանխիկ եղանակով իրենց բանկային քարտերին, և անկանխիկ առևտրի որոշակի տոկոսը վերադարձվում է նրանց:
«2022 թվականի սեպտեմբերից մենք թոշակներն ավելացրել ենք, ևս այդպիսի մի որոշում կկայացնենք 2023 թվականին: Բայց կանխիկի կրճատման շրջանակում տեղավորվող այս քաղաքականությունը նույնպես թոշակի ավելացում է: Գործնականում 2022-2023 թվականներին մենք 3 անգամ կենսաթոշակները փաստացի ավելացնում ենք՝ 2 անգամ հենց ուղիղ այդ անվան ներքո, իսկ մյուս անգամը՝ արդեն անկանխիկ առևտրի շրջանառության միջոցով»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ մարդն, ով 50 հազար դրամ թոշակ է ստանում, անկանխիկ առևտուր կատարելու միջոցով կարող է ևս 5 հազար լրացուցիչ եկամուտ ստանալ: «Ուրախությամբ եմ արձանագրում, որ թոշակառուների շրջանում անկանխիկ առևտուրն, ըստ էության, սկսում է պրոգրեսիայով աճել»,-նշեց վարչապետը:
Վարչապետը կարևորեց նույն քաղաքականության հետևողական շարունակը նաև սոցիալական նպաստների վճարման համակարգում, այսինքն՝ ընտանեկան նպաստ ստացողների շրջանում: