Վահե Շահվերդյանի մահն անդառնալի կորուստ է հայ թատրոնի և արվեստի համար. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ:

«ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի մահն անդառնալի կորուստ է հայ թատրոնի և արվեստի համար:

Պարոն Շահվերդյանի ներդրումը Մայր թատրոնի և Վանաձորի թատրոնի շարունակական զարգացման գործում անգնահատելի է: Նա Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ղեկը ստանձնեց ծանր ժամանակաշրջանում և չնայած դժվարություններին՝ Մայր թատրոնը մեծ պատվով շարունակեց իր առաքելությունը՝ հանդիսատեսին մատուցելով բարձրակարգ ներկայացումներ՝ Վահե Շահվերդյանի բեմադրական յուրօրինակ ձեռագրով: Վանաձորի թատրոնը ևս նրա գլխավորությամբ ապրում էր մշակութային հարուստ կյանքով՝ ներկայացնելով հետաքրքիր խաղացանկ:

Պարոն Շահվերդյանը հայ թատրոնի նվիրյալներից էր, որն իր գիտելիքներն է կիսել սերունդների հետ և իր լուսավոր հետքը հավերժ թողել մեր մշակութային կյանքում:

Կիսում եմ անվանի արվեստագետի ընտանիքի, թատերարվեստի ներկայացուցիչների, գործընկերների և նրա երկրպագուների վիշտն այս մեծ կորստի պահին»,- ասված է ուղերձում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն