24news.am: Մայիսի 3-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյան, անդրադառնալով ՊՎԾ պետ (լիազորությունները դադարեցված) Դավիթ Սանասարյանի գործին, հայտարարել է, որ նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը հիմնավոր է։
«Եթե առաջադրված մեղադրանքը փաստող ապացույցների բավարար համակցություն չլիներ, ապա պարոն Սանասարյանին մենք չէինք կարող մեղադրանք առաջադրել։ Այսինքն՝ այդ ապացույցների համակցությունն է հենց հիմք տալիս և պարոն Սանասարյանին, և մյուս երեք մեղադրյալներին մեղադրանք առաջադրելու»,- հայտարարել է Աղաջանյանը։
ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը նաև տեղեկացրել է, որ նախաքննությունը շարունակվում է, բազմաթիվ վարկածներ են ստուգվում, իրականացվում են տարբեր քննչական գործողություններ։ Ավելին, Սանասարյանի փաստաբանի միջնորդությունը բավարարվել է և նրանց կողմից հրավիրված վկաները պետք է հարցաքննվեն։
«Խնդիրը բացառապես իրավական դաշտում է, բայց երևում է, որ այդ մարդիկ մեզ հետ չեն ցանկանում շփվել այդ դաշտում՝ անընդհատ ես տեսնում եմ շահարկումներ, ինչ-որ հայտարարություններ, ասուլիսներ։ Մեզ համար դա սովորական շարքային, կոռուպցիոն բնույթի քրեական գործ է, որը քննվում է օրենքով սահմանված կարգով։ Քննիչները իրականացում են իրենց սովորական, ամենօրյա քննչական գործողությունները և որևէ կերպ այդ գործողությունները, նախաքննությունը դարձնել չգիտեմ՝ ինչ խնդիր, ես պարզապես չեմ հասկանում», – նշել է ԱԱԾ պաշտոնյան։
Ըստ Աղաջանյանի՝ Դավիթ Սանասարյանը և նրա պաշտպանը իրավական դաշտում ասելիք չունեն ու տեսնելով, որ խնդիրներ ունեն իրավական դաշտում, սկսում են ճնշում գործադրել քննչական մարմնի վրա՝ վիրավորելով, վարկաբեկելով «իրենց երկրի ԱԱԾ-ին»։
«Ցանկացած մարդ՝ քաղաքական գործիչ, պաշտոնատար անձ, մեզ համար որևէ էական նշանակություն չունի, մեր քննիչները զբաղվում են իրենց գործով», – հավելել է Արթուր Աղաջանյանը և «անլուրջ» որակել այն հայտարարությունները, թե այս քրգործի շրջանակում իրականացվում է քաղաքական հետապնդում։
««Քաղաքական հետապնդում» ասելով՝ պետք է հասկանալ այնպիսի պայմաններ, որոնք այլ անձանց պայմաններում չեն իրականացվում։ Այսինքն՝ խտրական մոտեցում պետք է արձանագրվի, որ քաղաքական հետապնդման մասին խոսքը լինի։ Օրինակ, այդ մեղադրանքով՝ պաշտոնական դիրքի չարաշահում, եթե մենք կալանավորեինք պարոն Սանասարյանին, այդտեղ հնարավոր էր ասել, որ նույն մեղադրանքով այլ անձանց չեք կալանավորել, իսկ Սանասարյանին կալանավորել եք, ինչո՞ւ։ Այ սա կլիներ խտրական մոտեցում։ Բայց պարոն Սանասարյանին վերաբերվել ենք օրենքի տառին համապատասխան», – ասել է Աղաջանյանը և հավելել, որ Սանասարյանի ու նրա պաշտպանների հայտարարությունները իրեն հիմք են տվել եզրակացնելու, որ նրանք այդ կերպ փորձ են անում խուսափել քրեական պատասխանատվությունից։
Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը»: