Անձրևոտ մի օր, երբ տաքսու որևէ վարորդ չէր համաձայնում Հասմիկին շան հետ կլինիկա տանել, նա ընդամենը գրառում արեց Ֆեյսբուքի «Կիսի՛ր ճանապարհը, թեթևացրու՛ հասարակական տրանսպորտը» խմբում, որտեղ ընկերներն էին ավելացրել իրեն։ Արդյունքում գտավ վարորդ, որը ոչ միայն անվճար տարավ կլինիկա, այլև սպասեց ու հետ բերեց, իսկ վարորդը գտավ ճանապարհի հաճելի ընկեր։ Առաջին հաջողված փորձից հետո Հասմիկ Ենգոյեանը դարձավ խմբի ակտիվ անդամներից ու սկսեց հաճախ այստեղ վարորդներ փնտրել։
Սա աշխարհում տարածված մշակույթ է և առավել հայտնի է «carpool» անվամբ: Հիմնական նպատակներն են հաճելի, հարմարավետ միջավայրում երթևեկելը, երկար ճանապարհների դեպքում մեքենայի վառելիքի ծախսը կիսելը, երթևեկության և ավտոկայանատեղիների ծանրաբեռնվածությունը թեթևացնելը: Այն կոմերցիոն նպատակ չի հետապնդում, վարորդները դրանով գումար չեն աշխատում:
«Carpooling»-ը ձևավորվել է ԱՄՆ-ում Երկորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ապա ավելի հայտնի դարձել 1970-ականների կեսերից՝ պայմանավորված նավթային և էներգետիկ ճգնաժամերով: Եվրոպայում առավել մասսայական է դարձել 2000-ականներից սկսած: Այժմ Գերմանիայում ու Ֆրանսիայում 6-10 միլիոն անդամ ունեցող օնլայն հարթակներ կան:
Հայաստանում «carpooling» համակարգող մի քանի Ֆեյսբուքյան խմբեր կան, որոնցից ամենաակտիվը հենց «Կիսի՛ր ճանապարհը, թեթևացրու՛ հասարակական տրանսպորտն»–է։ Խումբը ստեղծել է Արմինե Մարտիրոսյանը 2018 թվականի նոյեմբերի 30-ին։ Այս մշակույթը Հայաստան բերելու անհրաժեշտությունը նա զգացել է թե՛ որպես վարորդ, թե՛ որպես ուղևոր իր ունեցած փորձով։ «Մի կողմից որպես վարորդ դատարկ մեքենայով գնում էի ու կանգառներից ոչ միշտ էր հարմար լինում ուղևոր վերցնել, մյուս կողմից տեսնում էի հասարակական տրանսպորտի գերծանրաբեռնվածությունը ու մտածում՝ մարդիկ, որ նույն ուղղությամբ են գնում, կարող են ուղղակի միասին գնալ, և որոշեցի Ֆեսբուքում այսպիսի խումբ բացել։
Նման նախաձեռնություններ Հայաստանում էլի են եղել՝ հավելվածի ու կայքի տեսքով, բայց նորմալ չեն աշխատել։ Մտածեցի, որ Ֆեյսբուքը կարող է այդ խնդիրը լուծել, որովհետև ավելի մեծ մասսայականություն է վայելում ու ավելի արագ ՓիԱր կապահովի, նոր մարդիկ կներգրավվեն»,- պատմում է նախաձեռնության հեղինակը։
Խումբն այս պահին 4100-ից ավելի անդամ ունի, և՛ կին-տղամարդ, և՛ ուղևոր-վարորդ տոկոսային հարաբերակցությունը մոտ 50-50 է։ Առավել ակտիվ այն սկսել է գործել վերջին երկու ամիսներին և այդ ժամանակահատվածում, ըստ հիմնադրի, հարյուրից ավելի ուղևոր գտել է իր վարորդին, որից մի մասը՝ մշտական երթուղիով։
«Քանի որ խումբը դեռ փոքր է, չեմ համարում, որ ամբողջությամբ իր նպատակին հասել է, բայց շատ մեծ պոտենցիալ ունի ու արագ տեմպերով է զարգանում։ Վստահ եմ՝ 10 հազար և ավելի օգտատեր ունենալուց հետո բոլոր գրառում կատարողները պատասխան կստանան, այսինքն՝ բոլոր ճանապարհի ուղեկից փնտրողները կգտնեն իրենց ուղևորներին կամ վարորդներին»,- ասում է Արմինեն։
Ուղեվարձի մասին խոսք գնալ չի կարող, հիմնադիրը նախաձեռնությունը տաքսի ծառայության վերածել չի պատրաստվում՝ ի տարբերություն նմանատիպ այլ խմբերի։ «Շատ վարորդներ նախընտրում են քաղցրավենիքի, լավ տրամադրության դիմաց տանել ուղևորներին, շատերն էլ ավելի երկար ճանապարհների դեպքում՝ օրինակ Երևանից մարզեր, գերադասում են վառելիքի ծախսը կիսել։
Ի դեպ, կարող ենք ասել, որ այս մշակույթը կամաց-կամաց տեղափոխվում է նաև մարզեր։ Վերջին երկու ամիսներին մարզերից շատ մարդիկ են միացել խմբին, ամենաակտիվը երևի Գյումրին է»,-պատմում է Արմինեն։
Խմբի գյումրեցի ակտիվ անդամներից է Կարինե Դավթյան Ամիրբեկյանը։ Նրան այս տարբերակով դեռևս չի հաջողվել Գյումրուց Երևան հասնել, թեև խմբում գրառումներ մի քանի անգամ կատարել է ու արձագանքներ ստացել։ «Ժամերը հարմար չեն եղել, առայժմ միայն Երևանում եմ այսպես երթևեկել։ Գյումրիում դեռ քչերն են ընդունում այս մշակույթը, մյուսներին եթե ասես՝ եկեք, այսինչ տեղից գնում եմ այնինչ տեղը, չեն միանա, ընդհակառակը, տարօրինակ հայացքներով կնայեն։ Երևանում էլ այնպես չէ, որ բոլորի կողմից ընդունելի է, էլի շատերը վախենում ու չեն վստահում»,- նշեց Կարինեն։
Նրա համար «carpooling»-ով երթևեկելու հիմնական մոտիվացիան այս երևույթը Հայաստանում հայտնի դարձնելն ու մտածելակերպ փոխելն է։ «Երբ նստում եմ, հաճախ նկարում, տեղադրում եմ ֆեյսբուքում, դա օգնում է, որ մյուսների վստահությունն էլ աճի։ Այս խմբի շնորհիվ շատ այնպիսի հաճելի մարդկանց եմ հանդիպել, որ հետո պահել եմ շփումը։ Վերջերս խմբի շատ անդամներով նույնիսկ հանդիպել, ծանոթացել ենք»,- ասում է նա։
Կարինեի խոսքերով՝ խմբում հիմնականում թողել են այն մարդկանց, ովքեր այս գաղափարի կողմնակիցն են․ «Մեկը գրել էր՝ ես իմ քրոջը կամ կնոջը չէի թողնի, և ինքն արդեն խմբում չէ, որովհետև եթե չի կրում այս մշակույթը, բնականաբար, այլ կերպ կընդունի որպես ուղևոր իր մեքենան նստողներին»։
Այս մտածելակերպին բախվել է նաև Հասմիկը, սակայն կարողացել է փոխել այն։ Նա պատմում է, որ երեկ կուրսընկերն էլ որպես վարորդ միացել է խմբին, թեև մինչև այդ հանդիմանում էր իրեն, թե ինչպես կարող է այս խայտառակ դարում նստել անծանոթի մեքենա։ «Անհանգստանալու առիթ չեմ տեսնում, հնարավորություն կա մարդկանց Ֆեյսբուքի էջերը նայելու, եղել է՝ առաջարկել են տանել, ինձ հավատ չեն ներշնչել, չեմ համաձայնել։ Դեպք է եղել, որ վարորդն ինձ ու ընկերուհուս կայարանից վերցրել, վերջում էլ քաղցրավենիքով ճանապարհել է տուն․ իր կինն էր այդ ամենն ուղարկել։ Այսպիսի բարի, ջերմ միջավայր է»,-պատմում է նա։
Նախաձեռնության հեղինակ Արմինեն էլ ասում է․ «Նկատի ունենալով, որ որոշակի զգուշության կարիք ամեն դեպքում կա՝ տարբեր անծանոթ մարդիկ են, չես կարող բոլորին վերահսկել, խմբում կանոններ ենք նշել, թե ինչպես կարող են իրենք իրենց անվտանգությունն ապահովել՝ անպայման կոնտակտային տվյալներ վերցնել, մեքենայի մակնիշն իմանալ, տան անդամներին տեղեկացնել, թե ում հետ ու ուր են գնում և այլն»։
Խմբի ակտիվ ուղևորներից է նաև Վարդ Բալասանյանը։ Նա դեռևս Բանգլադեշից Կենտրոն գնացող մշտական վարորդ է փնտրում, թեև շատ անգամներ հասցրել է երթեկել խմբի վարորդների հետ։ «Եղել է՝ երեխայի հետ եմ եղել սամակատով, շատ խառը իրավիճակներում, գրել եմ, օգնել են։ Խմբում շատ հետաքրքիր մասսա ա հավաքված, ես էլ իմ ընկերներին եմ բերել՝ վարորդ ու ուղևոր»,- ասում է նա։ Վարորդներին հաճախ շոկոլադ են նվիրում, տարածված կատակ է, թե «Կոնֆետ եմ ուզում, մեկդ եկեք՝ տեղափոխեմ»։ «Չեմ կարծում, թե սրանով տրանսպորտի հարցը կլուծվի, ուղղակի հաճելի նախաձեռնություն է, որ և՛ առաջարկողներին, և՛ օգտվողներին դուր է եկել, հեշտացնում է մարդկանց այն տոկոսի կյանքը, որ մտել է այս խաղի մեջ»,- կարծում է Վարդը։
Այն, որ այս նախաձեռնությունը տրանսպորտի գերծանրաբեռնվածության խնդիրը լուծել չի կարող, սակայն կնպաստի դրա թեթևացմանը, կարծում է Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը։ Նա ևս մոտ մեկ ամիս է՝ խմբի անդամներից է՝ որպես վարորդ։ «Գրաֆիկս հաճախակի է փոփոխվում, չգիտեմ, թե կես ժամից հետո որ երթուղով կգնամ, դրա համար այդքան էլ հաճախ չեմ գրառումներ անում խմբում ու ցավոք, դեռ բախտ չի վիճակվել ուղևոր ունենալու»,- ասում է նա։
Ըստ Ավանեսովի, այստեղ ամենակարևորը միմյանց օգնելու, կիսվելու գաղափարն է։ «Փոքրուց երեխաներին սովորեցնում են խաղալիքներով կիսվել ուրիշների հետ, հետո աստիճանաբար դա պակասում է մեծերի մոտ։ Բացի այդ, մինչև վարորդ լինելն ինքս էլ ուղևոր եմ եղել, ու գիտեմ՝ օրվա ընթացքում ամենաշատը հոգնեցնողը ոչ թե աշխատանքն է, այլ ճանապարհը։ Դա մեղմվում է, եթե կարողանում ես կիսել հետաքրքիր զրուցակցի հետ»
Վարորդ Աբրահամ Աշղյանի համար ևս նանաձեռնությանը միանալու հիմնական մոտիվացիան ուրիշներին օգնելու ցանկությունն է։ «Անհարմարություններ ընդհանրապես չեն առաջանում, ընդհակառակը՝ շատ հաճելի է։ Ուղևորների կողմից էլ անհանգստություն չի լինում, թեև ամենաառաջին ուղևորս պատմում էր, որ իրեն հորդորել են հանկարծ նման բան չանել, որովհետև «տանում, մարդկանց պոչկաներն են հանում»»,-ծիծաղում է Աբրահամը։
Խմբի հիմնադիր Արմինե Մարտիրոսյանը չի բացառում, որ ապագայում կարող են նաև համագործակցել քաղաքապետարանի հետ։ Նրա խոսքերով՝ նախաձեռնության նպատակներից է նաև մարդկանց ցույց տալը, որ խնդիրները չլուծելու համար իշխանություններին մեղադրելուց զատ կարելի է ցանկացած հարցում ինքնակազմակերպվել, նպաստել դրանց լուծմանը։
Աստղիկ Քեշիշյան