tert.am: Ալժիրի մայրաքաղաքում և մի շարք այլ խոշոր քաղաքներում կրկին զանգվածային ցույցեր են ընթանում, որոնց մասնակիցները պահանջում են գործող քաղաքական վերնախավի հրաժարականը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների անցկացում, կոռուպցիայի դեմ պայքար և ժողովրդի կենսամակարդակի բարձրացում:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, ալժիրցիները պահանջում են երկրի ժամանակավոր նախագահ Աբդելքադեր Բենսալեհի, վարչապետ Նուրեդին Բեդուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ցույցերն ընթանում են Ալժիրի տասնյակ քաղաքներում: Ակցիայի կարգախոսն է՝ «Բենսալեհ, հեռացիր, Բեդուի գնա»:
Նշվում է, որ ցույցերի մասնակիցների գործողություններին հետևում են բազմաթիվ ոստիկանության և հատուկ ստորաբաժանումների ծառայողները: Մինչ այս պահը որևէ բախում ցուցարարների և իրավապահների միջև տեղի չի ունեցել: